Ավստրալիան հայտնել է, որ համատեղ կարտադրի մեծ հեռահարության ծովային հարվածային հրթիռներ եւ Joint Strike Missiles հրթիռներ Kongsberg Defence նորվեգական ընկերության հետ Նյուքասլ քաղաքում (Ավստրալիայի հարավ), տեղեկացրել է Reuters-ը։
Պաշտպանական արդյունաբերության նախարար Փետ Քոնրոյը հայտնել է, որ Ավստրալիայի կառավարությունը 850 մլն ավստրալական դոլար (574 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Kongsberg ձեռնարկության ստեղծման համար Նյուքասլի օդանավակայանում, արտադրությունը կսկսվի 2027թ.։
Նրա խոսքով՝ հականավային թեւավոր հրթիռները կօգտագործվեն Ավստրալիայի, ինչպես նաեւ ԱՄՆ՝ անվտանգության գծով դաշնակիցների կողմից։ Ձեռնարկությունը երկուսից մեկն է աշխարհում, որը կարող է արտադրել հրթիռներ Նորվեգիայի Քոնգսբերգ քաղաքի սահմաններից դուրս։
Ավստրալիան հայտնել է, որ նպատակ ունի բարձրացնել գերճշգրիտ հարվածներ հասցնելու ավստրալական պաշտպանական ուժերի ունակությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին։
Ծովային հարվածային հրթիռը ԱՄՆ ծովային հետեւակն օգտագործում է որպես հականավային միջոց, ասել է Քոնրոյը։
ԱՄՆ մոտ 2 000 ծովային հետեւակներ փոխատեղման կարգով գտնվում են Հյուսիսային Ավստրալիայում տարեկան վեց ամսվա ընթացքում։ Joint Strike Missile հրթիռը միակ հարվածային հրթիռն է, որը կարելի է դնել F-35 կործանիչի զինային հատվածում։ Ավստրալիայում նման երկու էսկադրիլիա կա, որոնց անտեսանելի F-35-ները կայանում են Նյուքասլի մոտ, Ուիլյամթաունում եւ Թագավորական ՌՕՈւ Թինդալ կայանում (Ավստրալիայի հյուսիս), որը ներկայում արդիականացվում է ԱՄՆ-ի կողմից, ամերիկյան ռմբակոծիչների տեղակայման համար։ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում F-35 էսկադրիլիաներ ունեն Ճապոնիան եւ Հարավային Կորեան, իսկ Սինգապուրը պատվիրել է կործանիչ։ Ավստրալիան նաեւ մշակում է հիպերձայնային հրթիռ ԱՄՆ-ի հետ համատեղ։