Հակառուսականության նոր չափաբաժին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամային ու բարդ փուլ են ապրում։ ՀՀ իշխանությունները ոչ թե քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, այլ ընդհակառակը, ամեն ինչ անում են փչացնելու այդ հարաբերությունները, իսկ հանրության շրջանում ավելի են բորբոքում հակառուսական տրամադրությունները։ Առաջին հերթին քարոզչական մակարդակում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության համար, սակայն ռուսները դավաճանել են մեզ, դրա համար էլ ծանր վիճակում ենք հայտնվել։

Իհարկե, հնարավոր չէ արդարացնել Ռուսաստանի անգործությունը հայկական կողմին աջակցելու հարցում, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման առումով, բայց եթե դուրս գանք իշխանությունների ստեղծած քարոզչական ծխածածկույթից, ապա կտեսնենք, որ ադրբեջանական ագրեսիան ու ձեռքբերումները ամենաշատը լեգիտիմացրել են Փաշինյանն ու իր թիմակիցները։ Իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, որ Արցախի հարցով երկրում հանկարծ դիմադրական ճակատ չձևավորվի, որ մարդիկ համակերպվեն Արցախի կորստի հետ՝ մտածելով, թե այն բեռ է եղել Հայաստանի համար, իսկ Ռուսաստանն Արցախի թեման որպես մահակ է օգտագործել Հայաստանի գլխավերևում։ Միևնույն ժամանակ, հակառուսական տրամադրությունների գեներացման ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են սերտացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ եթե ավելի ստույգ արտահայտվենք՝ գնալ վեկտորի արմատական փոփոխության։

Այսօր Հայաստանի սահմանների երկայնքով գործում են եվրոպացի դիտորդները, բայց նրանց խնդիրը ոչ այնքան հայադրբեջանական սահմանին բախումների կանխումն է, որքան ռուսական կողմի տեղաշարժերը դիտարկելը։ Նույնիսկ Փաշինյանն է խոստովանել, որ Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ-ն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ՀՀ՝ սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը: Եվրոպացի գործընկերներն էլ «անհանգստանում» են, թե ինչու է Հայաստանը ռուսական նոր զորքեր բերում, ինչի համար էլ Փաշինյանն առաջարկել է դիտորդական առաքելություն ստեղծել և տեղում իրավիճակին ծանոթանալ։ Փաստացի, Փաշինյանը մտել է Ռուսաստան-Արևմուտք հակասությունների դաշտ։ Իսկ այսպիսի պայմաններում բնական կարելի է համարել ռուսական մեդիա դաշտում ՀՀ իշխանությունների դեմ հրապարակումները։

Ընդ որում, ՀՀ իշխանություններն իրենց ներկայացնում են որպես ժողովրդավար ու հանդուրժող, բայց իրենց դեմ ուղղված քննադատության համար ցանկանում են խոչընդոտներ ստեղծել ռուսական լրատվամիջոցների հեռարձակման համար։ Դեռևս 2020 թվականից սկսած քննարկումների դաշտում է ռուսական հեռուստաալիքների՝ Հայաստանում հեռարձակումը դադարեցնելու թեման։ Այս հարցում հատկապես ոգևորված են «սորոսականները»: Վերջերս նորից ակտուալ քննարկումների առարկա դարձավ այն հարցը, որ ռուսական կողմը խախտել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագիրը։ Բայց Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը հայտարարեց, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել»:

Այնինչ, մինչ այդ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարում էր, թե ռուսական կողմն ընդունել է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի խախտումների փաստը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն էլ նշում է, թե ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաներից։ Հիմա ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք վճռական են տրամադրված։ Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված «Sputnik Արմենիայի» հեռարձակումը 30 օրով դադարեցնելու վերաբերյալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը։ Այս քայլի առիթով մեկնաբանությամբ հանդես եկավ ՀՀում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ հանրապետական կարգավորիչի վճիռը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։

Միևնույն ժամանակ, նման որոշումը ռուսական կողմից գնահատվեց որպես քայլ, որը Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների խզման օգտին է։ Երբ ռուսական սահմանին հայկական ապրանքների արտահանման մասով խնդիրներ են ծագում, ՀՀ իշխանությունները անմիջապես մեղմում են Ռուսաստանի նկատմամբ իրենց դիրքորոշումը և փորձում են գործի գցել ԵԱՏՄ մեխանիզմները։ Իսկ ռուսական հեռուստաալիքները փակելուն միտված իրենց գործողություններում ՀՀ իշխանությունները փորձում են առյուծի կեցվածք ընդունել։ Գրեթե միշտ քննարկվում է ռուսական հեռուստաալիքների փակման թեման, բայց, բնականաբար, դրանք այդպես էլ չեն փակվում, այլ հարց է, որ այդ ֆոնին աճում է հակառուսական տրամադրությունների դոզան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում