«Փաստ» օրաթերթը գրում է.
Փաշինյանի կառավարման շրջանում իշխանություններն իրենց կողմից նախաձեռնված յուրաքանչյուր գործ կատարում են փնթի, կիսատ-պռատ ու ոչ լիարժեք. արդյունքում, բնականաբար, դրական արդյունքներ չենք տեսնում։ Լրիվ հակառակը: Գոնե ձևի համար չկա մի ուղղություն, որի շուրջ աշխատանքները կիրականացվեն համապարփակ ձևով, առանց թերացումների, էլ չենք ասում՝ ձախողումների։ Տպավորություն է, որ այս իշխանությունները թերացումներ, ձախողումներ ու սև բծեր թողնելու հարցում վաղուց մասնագիտացել են։ Ծայր աստիճան փնթի է հատկապես իրենց վարած արտաքին քաղաքականությունը։ Հրապարակային մակարդակում Փաշինյանն առերևույթ ցույց է տալիս, թե գործում են դիվանագիտական ճկունության սահմաններում, բայց իրականում խճճվում են իրենց քայլերի մեջ, ու անհասկանալի է դառնում, թե որն էր առաջադրված նպատակը, որին պետք է հասնեինք։ Այսինքն, գործընթաց կա ցույց տալու, թե աշխատանք է կատարվում, բայց ամբողջ իրողությունը սահմանափակվում է միայն այդ գործընթացով, քանի որ մեր պետության նպատակադրումներն այդպես էլ իրականություն չեն դառնում։
Փոխարենը երկրի համար ամենավատ տարբերակները, որոնցից պետք է խուսափեինք, իրականություն են դառնում։ Փնթի են նաև իշխանությունների ներկայացրած օրինագծերը. առանց մասնագիտական քննարկում անցկացնելու, փորձագետների կարծիքը հարցնելու՝ նախագծերը բերում ու անցկացնում են խորհրդարանում, քանի որ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն ու աննախադեպ բարձր կարգի գործ են կատարում։ Բայց հետո պարզվում է, որ իրենց նախագծերը թերի են, չեն բխում հանրության շահերից, կամ լուրջ բացթողումներ են առկա։ Ու նորից է տեղի ունենում օրենսդրական նախաձեռնության լրամշակումը, կամ էլ օրենքը սկսում է ուղղակի չգործել ու ձևական բնույթ է ձեռք բերում։ Ու եթե նույնիսկ անդրադառնանք իշխանությունների սիրած գործին՝ ասֆալտապատմանը, ապա այն ևս արվում է ոչ լիարժեք, բայց ցուցադրականություն է ապահովվում, որ հետո Փաշինյանը հայտարարի, թե այնպիսի տեղերում ենք ասֆալտապատում կատարել, որ տարիներով անուշադրության են մատնված եղել։ Բայց այս իշխանությունների օրոք արված ասֆալտը նույնպես երկար չի դիմանում, ու հաջորդ տարի նորից են ասֆալտապատում։
Կամ անում են երգիծաբան Եվգենի Պետրոսյանի հայտնի հումորեսկի հանգվույն՝ «եթե անձրև է գալիս, ուրեմն ասֆալտ են անելու, եթե ասֆալտ են անում, ուրեմն շուտով խողովակներ են փոխելու»: Հաջորդը. Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ-ում տարիներ շարունակ կառուցվում է այն, ինչ կարելի է կառուցել հաշված օրերում, բայց արդեն 5 տարի է, ինչ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման հարցում չեն կարողանում էական առաջընթացի հասնել։ Նույն իրավիճակն է նաև կրթության ոլորտում. ոլորտի պատասխանատուներին միայն իրենց պարգևավճարներն են հետաքրքրում։ Նրանք չեն պատկերացնում, թե որտեղից ուր ենք գնում։ Իշխանությունները հայտարարում են, թե համալսարաններն ապակենտրոնացնում ենք, Երևանը բեռնաթափում ենք, բայց իրականում որոշում են ավելի կենտրոնացնել, որովհետև բուհերը մի տեղ են տեղափոխելու. սկզբից Աշտարակ քաղաքն էր, իսկ հիմա՝ Երևանի ծայրամասը։ Քպական իշխանության օրոք անգամ դասագրքերը չեն հասցնում տպել, որ աշակերտներն իրենց դասերը կարողանան անցնել, կամ էլ եթե տպում են, ապա այնքան սխալներով ու անճշտություններով, որ քննադատության չեն դիմանում։
Օրինակ՝ հենց այդպիսի վիճակում են 7-րդ դասարանի դասագրքերի մեծ մասը։ Նույնը կարելի է ասել նաև 2-րդ ու 5-րդ դասարանների մասին, այսինքն՝ փաստացի ամբողջովին ձախողել են, այսպես կոչված, «նոր չափորոշիչը»: Այնպես որ, դիլետանտությունն այս իշխանությունների բնորոշ գիծն է։ Կարելի է նույնիսկ դասագիրք գրել այն մասին, թե ինչպիսին չպետք է լինեն իշխանությունները։ Դիլետանտության հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ եթե այլ երկրներում կառավարիչները կամ պաշտոնյաները մեծ ճանապարհ են անցնում, փորձ են կուտակում ու աստիճանաբար բարձրանում են իշխանական աստիճանակարգով, ապա քպականները պարզապես փողոցից հայտնվեցին ամենավերին աթոռների վրա։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում