Երևանի բոլոր մանկապարտեզներում տեղադրվելու են տեսախցիկներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Երևանի թիվ 94 մանկապատեզում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատվել են տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում արված բացահայտումներից, ինչպես նաև թիվ 94 մանկապարտեզի աղմկահարույց դեպքից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է քննարկել և կարճ ժամկետում լուծումներ գտնել նշված խնդիրներին։ Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համայնքային ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզներում տեղադրվելու են տեսախցիկներ՝ թե՛ պատկերային, թե՛ ձայնային և տեսահսկմամբ։

Այսինքն, այդպիսով մանկապարտեզների առօրյան և երեխաների պաշտպանությունը «ուղիղ եթերում» հասանելի է լինելու քաղաքապետարանին, մյուս կողմից՝ հնարավոր է լինելու պաշտպանել մանկապարտեզների բարեխիղճ աշխատակիցներին՝ զերծ պահելով հնարավոր զրպարտությունից։ Ի դեպ, հավելենք նաև, որ մեր ունեցած տեղեկությամբ, քննարկվում է նաև մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը առաջիկայում բարձրացնելու հարցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում