«Փաստ» օրաթերթը գրում է.
«Լիարժեք նվիրվող անձ էր՝ լիներ ընտանիք, աշխատանք, թե ընկերություն: Իր անձը մի կողմ կդներ, էգոիզմ չկար իր մեջ: Եթե ինչ-որ աշխատանք էր կատարում, պետք է ամեն ինչ իդեալական լիներ: Որպես զավակ, ամուսին և հայր՝ ամեն ինչ պետք է կատարյալ աներ: Բարի ու լուսավոր մարդ էր, խաղաղության աղավնին էր, քանի որ թույլ չէր տալիս, որ իրենց մեծ գերդաստանում որևէ մեկը մյուսից նեղացած մնա, չէր ընդունում, որ ընտանիքում մեկը մյուսից կարող է նեղանալ: Միշտ հաշտեցնում էր բոլորին, կանխում բոլոր հնարավոր վեճերը»:
Երբ խնդրում եմ Արթուրի կնոջը՝ Նառային, պատմել ամուսնու մասին, այս խոսքերն են հնչում, խոսքեր, որոնք պարուրված են սիրով, անսահման կարոտով ու հպարտությամբ: Արթուրը և Նառան Տավուշի մարզի Սևքար գյուղից են: «Ճանաչել ենք իրար, շփվել մոտ ութ տարի, այդ ընթացքում սովորում էի, նա ինձ համբերատար սպասում էր: Ավարտելուց հետո 2019 թ. մարտին ամուսնացանք, իսկ հետո ծնվեց մեր որդին»: Արթուր Հովսեփյանը գերազանցությամբ է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: «Միշտ սահմանում է ծառայել: Իր կուրսից միակն է եղել, որ ուսանողության տարիներին անլուծելի խնդիր է լուծել, իր մասին նաև գիրք կա հրատարակված: Քանի որ բացարձակ գերազանցիկ է եղել, իրեն նաև հնարավորություն են տվել ընտրելու ծառայության վայրը: Մերժել է Երևանում մնալու և պաշտոն ստանալու առաջարկը, Իջևանը, Տավուշը և սահմանն իրենն էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի կինը:
Արթուրը զինվորական հայրիկի օրինակն է ունեցել աչքի առաջ: «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ սկեսրայրս տավուշյան սահմանն է պաշտպանել, իր կնոջն ու չորս երեխային: Երբ ձևավորվել է մեր բանակը, դարձել է զինվորական, հետո թոշակի անցել: Հայրիկի օրինակին հետևել է ամուսնուս ավագ եղբայրը, նույն ուղին ընտրել է նաև ամուսինս: Մեր ամուսնության տարիներին շատ էր հոգնում, Իջևանի հակատանկային զորամասը նոր էր ձևավորվել, նա հրամանատար էր նշանակվել: Իր աշխատանքը գերծանրաբեռնված էր, Տավուշյան մարտերին զորք էր ուղարկում, բնագծերին հետևում, մեր բալիկը նոր էր ծնվել: Իմ հարազատներն ասում էին՝ դա աշխատանք չի, թող այն, Արթուրը միայն ժպտում էր՝ այո, սա ինձ համար աշխատանք չէ, ծառայում եմ հայրենիքիս»: Սկսվում է 44-օրյա պատերազմը:
«Երբ սկսվեց պատերազմը, եկավ, մեզ հաջող արեց՝ գնում եմ, չգիտեմ, թե երբ կգամ, դիրքեր ենք բարձրանում: Բայց չասաց, որ Արցախ է մեկնում, մտածում էի, որ մեզ մոտ է լինելու, ի վերջո, հրամանատար է, փոխգնդապետ: Մեր երեխան էլ վեց ամսական էր, կարծում էի, որ չի գնա, մեր կողքին կմնա: Սեպտեմբերի 29-ին, երբ Արցախում վիճակը շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էինք, զանգահարեց իր հայրիկին, խնդրեց բոլորիս դուրս բերել գյուղից: Մեր գյուղը սահմանամերձ է, մնալը ռիսկային էր: Տղայիս ու մայրիկիս հետ գնացի Հաղարծին: Փոխանցիկ դրոշ ստանալու ժամանակ կորպուսի կողմից հեռադիտակ էր նվեր ստացել իր անձնվեր ծառայության համար: Խնդրեց, որ այն վերցնեմ ու իրեն տանեմ: Հաղարծինում Մարիամ Աստվածածնի նկարն էի նվեր ստացել, քահանան իր ընկերն էր, նվիրեց ինձ, ասաց՝ կողքիդ կպահես, ձեզ կպաշտպանի: Հուլիսյան մարտերին այն միշտ դնում էի Արթուրի պայուսակի մեջ: Այս անգամ էլ հեռադիտակի հետ նկարն իրեն փոխանցեցի՝ մտածելով, որ կպաշտպանի: Ճանապարհին հանդիպեցինք, մեր տղային գրկեց ու շատշատ համբուրեց:
Երբեք որևէ մեկին հաջողություն չէր ասում, չէր սիրում այդ բառը, ասում էր՝ լավ մնացեք, կհանդիպենք: Այդ օրը երեխային մի ուրիշ կերպ սիրեց, հետո ճանապարհեց մեզ՝ լավ մնացեք, հաջող ձեզ: Տեղավորվեցինք մեքենայի մեջ, տեսա, որ կանգնել է ճանապարհի մեջտեղում ու մեզ է նայում: Մայրիկիս ասացի, որ ամեն ինչ ավելի լուրջ է: Սեպտեմբերի 29-ին մեր տղան սկսեց ջերմել: Հաջորդ օրը զանգում եմ ամուսնուս տեղեկացնելու, որ գնալու ենք հիվանդանոց: Պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքը, երբ լսում եմ «բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ»: Զանգեցի սկեսուրիս: Արթուրը գնում է տուն, մի քանի իր վերցնում, սկեսուրս ասում է՝ Նառային չե՞ս ասում, որ գնում ես, ասում է՝ կգնամ իր մոտ, դուք իրեն բան չասեք: Բայց առանց ինձ ասելու, բաժանման պահից խուսափելով, ուղևորվում է Արցախ: Ինձ հետ զրուցելիս ասաց, որ երկու օրից հետ է գալու: Չորս հոգու հետ կամավոր, առանց հրամանի մեկնել էր: Մինչ այդ հրաման է ունենում, որ իր դիվիզիոնից մի խումբ պայմանագրայիններ սպայի հետ պետք է մեկնեն Արցախ: Բայց տեղ չհասնելով՝ սպան փախուստ է կազմակերպում: Երբ ամիսներ անց գտանք իր հեռախոսը, այնտեղ կային ձայնային հաղորդագրություններ, որտեղ նա դիմում է կորպուսին՝ առաջարկելով մեկնել Արցախ, ամեն ինչ կարգավորել, եթե անհրաժեշտություն լինի, անձամբ մտնել մարտի մեջ»: Բոլորն են փաստում, Արթուրն իդեալական հրետանավոր էր:
«Նա միանում է զինվորական Տարոն Քոչարյանի խմբին, պաշտպանում էին բնագծերը Մատաղիսի կողմից: Մտնում է մարտի մեջ, շատերն անգամ չեն իմացել, որ փոխգնդապետ է: Կիրակնօրյա «մատաղ»՝ Մատաղիսի ձորում. այդտեղ հրետանային հարվածների հեղինակն Արթուրն է: Իր վարած մարտերի ժամանակ ոչնչացրել է մեծ թվով կենդանի ուժ, զինտեխնիկա, վիրավորներին է դուրս բերել: Զրուցում էինք, հարցնում էի՝ գոնե տեղդ ասա, մի անգամ նշեց՝ հյուսիս-արևել յան ուղղության վրա ենք: Կին եմ, անհանգստանում էի, ասաց՝ քո ու մեր երեխայի համար եմ գնացել, տատիկիս ու պապիկիս գերեզմանները չպղծելու ու իմ ընտանիքին չվնասելու համար եմ գնացել: Այդ խոսքերից հետո այլևս որևէ բան ասել չէի կարող: Երկու օր մարտի մեջ լինելուց հետո իր հետ գնացած տղաներից երկուսը վերադառնում են, մեկ հոգին առանց որևէ բան ասելու է հեռանում, միայն մեկն է մնում Արթուրի կողքին:
Հոկտեմբերի 9-ին Վահագնը, որ մնացել էր իր հետ, վիրավորվում է, նրան տանում է հիվանդանոց ու վերադառնում մարտի դաշտ: Այդ օրերին ինձ պարտադիր զանգում էր կամ գրում: Ամեն օր գրում էր՝ ձեզ կյանքիցս շատ եմ սիրում: Վստահ եմ, որ մեզ կյանքից շատ էր սիրում. որ չսիրեր, չէր գնա: Հոկտեմբերի 12-ին զանգեց, մոտ կես ժամ խոսեց՝ ձայնը հոգնած ու տխուր էր: Հաջորդ առավոտյան ինձ չէր զանգել, զանգում էի, անջատում էր: Հետո պատասխանեց, ասաց, որ հերթափոխ է գնում իրենց մոտ, իջնելու են դիրքերից: Բայց հերթափոխը չի հասցնում: Առավոտվանից սկսված մարտերը կեսօրից թեժանում են: Վիրավորում է ստանում, նրան հասցնում են հոսպիտալ, բայց չի փրկվում: Հոկտեմբերի 13-ի երեկոյան հաղորդեցին, որ թեժ մարտեր են եղել հյուսիս-արևել յան կողմում, այդ պահին սենյակ էի մտնում, ասացի՝ մա՛մ, սա վերջն է: Արթուրն ինձ չէր զանգել, անգամ նամակ չէր գրել»: Արթուրը շուտ է տուն «վերադառնում»: Նառան հիշում է՝ ամուսինը թույլ չէր տալիս, որ կինն իր հետևից լաց լինի:
«Ինձ ամուր էր «դաստիարակել», ասում էր՝ դու ուժեղ ես: Սեպտեմբերն էր, զրուցում էինք՝ կյանքում ինչ իրավիճակ էլ լինի, չթողնես քեզ խղճան: Ինձ համար կյանքը շարունակելու ուժն այդ ծանր օրերին դարձավ մեր անպաշտպան տղան, պետք էր ուժեղ լինել հանուն նրա: Շարժիչ ուժ նաև իր խոսքերն են եղել՝ պետք է սառը դատես, ուժեղ լինես. այո, ուժեղ եմ, սպայի կին եմ: Մեր ընտանիքի համար ամենացավոտն այն է, որ այսօր Արցախ չունենք: Երբ կողքից ասում են, որ տղաները ոչ մի բանի համար գնացին ու զոհվեցին, պատասխանում եմ՝ եթե ոչ մի բանի համար գնացած լինեին, հիմա այստեղ չէիք լինի: Եթե մեր 5000 տղաներն իրենց կյանքը չզոհեին, հիմա թշնամին Հայաստանը վերցրած կլիներ: Այն ժամանակ տղաները մեր կյանքն են պահել»:
Հ. Գ. — Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շքանշանների: Հուղարկավորված է հայրենի Սևքար գյուղում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում