«Փաստ» օրաթերթը գրում է.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն օրերս տեղեկացրել է, որ ընդդեմ ArmDay.am և Lurer.com լրատվական կայքերի դեմ իր ներկայացրած հայցով դատարանը «հրապարակային եղանակով կատարված արտահայտությունները գնահատել է զրպարտող»: Նշենք, որ դատարանը հայցը բավարարել է մասնակի, նշյալ լրատվամիջոցներին պարտավորեցրել է հրապարակայնորեն հերքել խնդրո առարկա տեղեկությունները, ինչպես նաև համապարտության կարգով Արշակյանին վճարել 500 հազար դրամ փոխհատուցում և 35 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրք։ Նախ՝ ուշագրավ է, որ Հակոբ Արշակյանը այս վճռի մասին բարձրաձայնում է դրա ընդունումից մոտ մեկ ամիս անց (վճիռը կայացվել է սեպտեմբերի 8-ին):
Երկրորդ՝ պատասխանողների ներկայացուցիչները չեն մասնակցել դատական քննությանը, ինչի մասին, ի դեպ, նշված է դատարանի վճռում: «Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ լրատվամիջոցները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց դեմ հայց է ներկայացվել դատարան: Ընդ որում, հայցն առաջին անգամ դատարան է ուղարկվել վճռի կայացումից 15 ամիս առաջ: Այդ ողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ ծանուցում չեն ստացել: Ավելին, նրանք չեն ստացել նաև դատարանի վճիռը, որպեսզի կարողանան բողոքարկել կամ կատարել այն, իսկ դրա մասին տեղեկացել են Հակոբ Արշակյանի սոցցանցային գրառումից:
Ճիշտ է, դատարանն իր վճռում նշում է, որ դատական ծանուցագրերը ետ են վերադարձվել փոստային առաքանու ետ վերադարձի կտրոններում նշված համապատասխանաբար՝ «Տեղափոխված» և «Չպահանջված» գրառումներով, և դրանով փաստորեն համարել է իր պարտավորությունը կատարած, սակայն փաստը մնում է փաստ, որ պատասխանողները որևէ ծանուցում երբեք չեն ստացել: Չեն ստացել նաև որևէ զանգ՝ ո՛չ դատարանից, ո՛չ առաքող կազմակերպությունից, թեպետ հեռախոսահամարները լրատվամիջոցներում նշված են: Թե ինչպես է դա եղել, ում մեղքով, արդեն լուրջ ուսումնասիրության հարց է:
Ի դեպ, հավելենք, որ այս վճռի կապակցությամբ եզրակացություն է հրապարակել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ մասնավորաբար նշելով, որ դատարանի՝ փոխհատուցման հետ կապված եզրահանգումը հիմք է տալիս կարծելու, որ փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հետապնդել է ոչ թե հայցվորի վնասը համարժեքորեն հատուցելու, այլ պատասխանող լրատվամիջոցներին պատժելու քողարկված նպատակ։ Խորհուրդը նաև գտնում է, որ կայացված դատական ակտով տեղի է ունեցել պատասխանող լրատվամիջոցների արտահայտվելու ազատության անօրինական միջամտություն, որով խախտվել է նրանց՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում