Ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը «3+3» ձևաչափով հանդիպումից

Հայաստանը ռուսական բանակցությունների հարթակն առայժմ չի բոյկոտում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Այդ հարթակներում մեր ներկայությունը միշտ կա, որովհետև մենք ՀԱՊԿ անդամ ենք տվյալ պահին, և այդ հարթակներում մեզ հետաքրքրող հարցերը ստանում են մեր կողմից պարզաբանումներ, եթե անհրաժեշտ է»,– նշեց Քոչարյանը։

Լրագրողը պարզաբանող հարց տվեց` «այսինքն` ռուսական հարթակները չե՞նք բոյկոտում»։ Դրան ի պատասխանը Քոչարյանը նշեց` «իհարկե, ոչ… առայժմ»։

Նա անդրադարձավ այսօր Թեհրանում մեկնարկած «3+3» ձևաչափով հանդիպմանը` նշելով, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը։ Նրա խոսքով` հայկական կողմն ակնկալում է տարածաշրջանային հստակ ձևակերպումներ ստանալ։

«Մենք մեր իրավունքներն այդ հարթակում պետք է կարողանանք պահել և կպահենք։ Իսկ մեր իրավունքները տարածաշրջանում բոլորին հայտնի է` ՀՀ սահմանների անառիկությունն է և չլուծված խնդիրներին հնարավորություն չտալ, որ լուծումներ փնտրեն մեր հաշվին»,– նշեց Քոչարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե «3+3» ձևաչափը ստեղծվել է Անկարայի առաջարկով և որոշ փորձագետներ մտավախություններ են հայտնում, թե դա հենց թուրքական նախագիծ է` Քոչարյանը չհամաձայնեց։ Շեշտեց` Թուրքիայից բացի ևս 5 երկրներ կան։

«Խնդիրները ժողովուրդների մեջ լուծվում են խաղաղության պարագայում, բայց դա չի նշանակում, որ առանց անվտանգության հստակ միջավայրի հնարավոր է հասնել լիակատար խաղաղության, այսօր դու կխփես, վաղը նա կխփի»,– նշեց Քոչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկած «3+3» ձևաչափով հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: