Մինչև հիմա կրակը թշնամին չի դադարեցրել, բայց գյուղից դուրս չենք գալու․ Իրավիճակը Սյունիքում այս պահին

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Բոլորս զգոն ենք, խուճապ չկա, մեր ուղղությամբ կրակ չի եղել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։ Նա նշեց, որ հրետակոծության և կրակոցների ձայներն իրենց մոտ էլ են լսվում, սակայն իրենց ուղղությամբ որևէ շարժ կամ որևէ գործողություն թշնամու զինված ուժերի կողմից չի եղել։

«Անօդաչուներ են ամբողջ գիշեր պտտվել»,-ասաց Արշակյանը։ Մեր հարցին, թե տեղեկություններ էին տարածվել, որ թշնամին հարվածել է Գորիսի զորամասին, ասաց, որ բարեբախտաբար զորամասը կանգուն է և չի հայտնվել թիրախում։

Նույն իրավիճակն է նաև Գորիս համայնքի Որոտան և Բարձրավան գյուղերում։ Ներքին Խնձորեսկի վարչական ղեկավար Երվանդ Մալունցն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք կազմ-պատրաստ կանգնած են ու ամեն պահի պատրաստ են պաշտպանել իրենց բնակավայրը։ Վերջինս հավելեց, որ իրավիճակի թեժացում իրենց ուղղությամբ դեռևս չկա։

Կապ հաստատեցինք նաև Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղ։ Դեռ ուշ երեկոյան տեղեկացրել էինք, որ թշնամին կրակ էր բացել հայկական դիրքի ուղղությամբ, որը անմիջապես գյուղի վերևում է։ Խնածախի բնակիչը, ով խնդրեց իր անունը չհանրայնացնել, ասաց, որ այս պահին կրակ չկա, դիրքերի կորուստ Խնածախում չի եղել։

Իրավիճակն այլ է Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրում։ «Շատ վատ է մեր վիճակը, հիմա կասեմ շատ վատ։ Երեքից չորս դիրք ենք կորցրել, ամբողջ գիշեր՝  կրակոցների տակ ենք եղել։ Բացի կորցրած դիրքերը՝ երկու դիրք էլ թշնամու կողմից շրջափակման մեջ են ընկել։ Սա կառավարություն չի՝ սա էլ հո դժգույն Շուշին չի՞, սա էլ Հայաստանի սուվերեն տարչածքներն են։ Կոչ եմ անում այս կառավարությանը, այդ Պաշտպանության նախարարությանը գալ ու պաշտպան կանգնել մեր 18 տարեկաններին», ասաց Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի բնակիչը մեզ հետ զրույցում։

Ներքին Հանդի բնակիչը նշեց, որ ուշ երեկոյան 01.10-ից սկսած մինչ այժմ թշնամին չի դադարեցրել կրակն իրենց բնակավայրի ուղղությամբ։

«Ոչ ոք չի լքել գյուղը, ես էլ իմ տղայի, հարսիս ու թոռներիս հետ ոչ մի տեղ չեմ գնալու։ Հիմա Կապանից ոչ ոք չի կարողանում մեր գյուղ գալ՝ շրջափակման մեջ ենք։ Դուրս չենք գալու գյուղից՝ սա մեր հողն է, մեր տունն է։ Մենք էս 18 տարեկաններին չենք թողնի»,-ասաց Ներքին Հանդի բնակիչը։