Գեղարքունիքից տեղեկացնում են. կա զոհ և վիրավոր

223

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW X5 և ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 4 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։