Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ

Customer giving credit card to cashier over desk with pos terminal for payment. Cropped shot, closeup of hands. Shopping concept

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Այս մասին հայտնում են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 327 մլրդ դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է շուրջ 30 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։

Ներկայումս իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով են ստանում կենսաթոշակառուների և նպաստառուների 10%-ից էլ պակաս քաղաքացիներ՝ շուրջ 58 հազար անձ, որոնք ևս ապրիլի 1-ից հնարավորություն կունենան օգտվել հետվճարի ծրագրից՝ ստանալով իրենց կենսաթոշակը կամ նպաստը անկանխիկ եղանակով։