«Հորս կորցրեցի 8 տարեկանում, մայրս միայնակ՝ արաբական աշխարհում, որտեղ արաբերեն լավ չգիտեր, շատ բարդ էր… Նա ինձ պաշտպանել է ու ընտրել եմ երգի բարդ ասպարեզը: Կարող էի թմրամոլ կամ հարբեցող դառնալ, բայց չդարձա մորս շնորհիվ, այն կնոջ, ով այսօր 100 տարեկան է ու ապրում է Հայաստանում:
Նա ոսկի մայր է, ոսկի ընկեր, ամեն ինչ արել է ինձ համար: Մայրս իմ լավագույն ընկերն է մինչ այսօր, իմ նեղության ու ուրախության օրվա, բարձրանալուս և իջնելուս ճանապարհին, կյանքի բոլոր դժվարությունների ժամանակ հաշտ է եղել հետս»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում ասել է երգիչ Ավրաամ Ռուսոն:
Նա պատմել է նաև ընտանիքի մասին: Tert.am Life-ն առանձնացրել է հետաքրքիր հատվածները:
«Կնոջս հետ ծանոթացել եմ Նյու Յորքում: Կրիստինա Օրբակայտեի հետ մեծ հյուրախաղեր ունեինք, այդ ընթացքում ծանոթացանք:
Կինս շատ բարի աղջիկ է, ծնվել է ԱՄՆ-ում, բայց հայերեն լավ գիտի, շատ լավ է խոսում: Մեծ աղջիկս՝ Էմանուելան նույնպես խոսում է հայերեն:
Ասում եմ՝ այս տան միակ հայը դու ես, Հայաստանը չի տեսել, բայց ավելի շատ բան գիտի Հայաստանի մասին, հայ ազգի պատմությունն ավելի լավ գիտի, քան ես: Ինչ ասել է արյան կանչ»,- ասել է նա:
Ավրաամ Ռուսոն՝ խոսելով դժվարության մասին նշել է, որ դժվարությունը կյանքի մի մասն է:
«Դժվարությունը կյանքի ճանապարհի ընկերն է: Եթե դու դժվարություն չես ունեցել կյանքում, ուրեմն մի սխալ կա քո մեջ: Դժվարությունը զորացնում է, քո բնավորությունը կոփում է, ուժ է տալիս, որ դու գնաս առաջ:
Եթե դու քո զավակներին շփացնում ես, դա ճիշտ չէ: Պետք եղած կրթությունը նեղությամբ երեխայիդ եթե տաս, հասկացող զավակը փրկված կլինի: Եվ, եթե կրթես զավակիդ, նա կհասկանա քեզ այնպես, ինչպես ես հասկացա հորս:
Աղջիկներս կյանքում ինձանից ոչինչ չեն խնդրել, ո՛չ կոշիկ, ո՛չ կերակուր, ես եմ առաջարկում: Մայրն է այդպես դաստիարակել: Պետք է սահմանը ճիշտ դնել, ոչ թե սահմանափակել, այլ՝ չշփացնել: Ամեն ինչից որ շատ է լինում արժեքը չեն հասկանում»,- ասել է երգիչը: