«Արտաքին ուժերի միջամտության հավանականություն կա՝ հրթիռի կամ ռումբի օգտագործման միջոցով». Լիբանանի նախագահը խոսել է Բեյրութի պայթյունի մասին

15

libanani-naxagah_4JS9K.jpg

Լիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել արտաքին ուժերի ներգրավվածությունն օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին, մասնավորապես՝ ռմբակոծության կամ հրթիռակոծության տեսքով: Այս մասին տեղեկանում ենք լիբանանյան MTV հեռուստաընկերության կայքից:

«Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ, գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն՝ հրթիռի կամ ռումբի օգտագործման միջոցով կամ այլ գործունեությամբ: Ես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել եմ մեզ արբանյակային լուսանկարներ տրամադրել, սակայն եթե նրանք չունեն լուսանկարներ, մենք այլ երկրների կխնդրենք պարզել` պայթյունն արտաքին էր, թե հրդեհի հետևանքով է տեղի ունեցել»,-ասել է Լիբանանի նախագահը:

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից:

Լիբանանյան լրատվամիջոցների նոր տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի, վիրավորները 5 000-ից ավելի են։ Զոհերից 11-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում: Ավելի վաղ հաղորդվում էր 149 զոհի և 4000 վիրավորի մասին:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:

Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

People on the street in Beirue which is strewn with debris from damaged buildings following the explosion

A man reacts at the scene of an explosion at the port in Lebanon's capital Beirut on August 4