Նոր գլխացավանք ՌԴ-ում գտնվող հայ վարորդների համար

813

1in.am-ը գրում է․ Ռուսաստանի Դաշնությունում հայկական պետհամարանիշով մեքենաների սեփականատերերի համար Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ: Մասնավորապես, այդ մեքենաները փողոցներից ու անգամ շենքերի բակերից տարվում են տուգանային հրապարակ, եթե տվյալ մեքենան վարող անձը չի ունենում թույլտվություն:

Խոսքը, ըստ որոշ տեղեկությունների, ժամանակավոր ներմուծման հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է: Ընդ որում, վարորդներից ոչ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի այսուհետ անհրաժեշտության մասին:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսպիսով Ռուսաստանի Դաշնության իշխանությունները փորձում են վերահսկողության տակ պահել այլ երկրի պետհամարանիշով մեքենաների երթևեկությունը Ռուսաստանի տարածքում:

«Սա պայմանավորված է նրանով, որ հատկապես վերջին տարիներին բավականաչափ մեծ թվով հայկական պետհամարանիշով մեքենաներ են արտահանվել ԵԱՏՄ երկրներ, հատկապես` Ռուսաստան, ինչը ճանապարհային երթևեկության տեսանկյունից բավականին խնդրահարույց է, այսինքն` ճանապարահային երթևեկության կանոնների խախտման դեպքում այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին ՌԴ ՃՈ աշխատակիցները երբ ակտավորում են, ապա այդ տուգանքը չվճարելու դեպքում` օրինազանց վարորդների նկատմամբ վարչական հետևանք չի առաջանում, մինչդեռ մեզ մոտ այս մասով վերահսկողությունը շատ ավելի խիստ է, քան այնտեղ:

Սա ինչ-որ տեղ նաև անպատժելիության մթնոլորտ է ստեղծում և օրինախախտ վարորդներն այսպես ասած` արխային են ընկնում, որ միևնույնն է` չեն պատժվելու»,- շեշտեց Սերգեյ Ղահրամանյանն ու միևնույն ժամանակ ասաց նաև, որ, հավանաբար, սա է պատճառը, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են այլ երկրների պետհամարանիշով մեքենաների վարորդներին պարտադրել, որպեսզի դրանք հաշվառվեն որպես ռուսական տրանսպորտային միջոց:
Ավելին