Ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը. Ալեն Սիմոնյան

137

«Ես ողջունում եմ իրենց հանրահավաքը և կարծում եմ, որ ՀՅԴ-ն ավելի ակտիվ պիտի լինի քաղաքական դաշտում, ինչպես, որ միշտ եղել է »,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը` Դուք ողջունում եք դաշնակցության հանրահավաքը, սակայն նրանք ձեր իշխանությանը լրջանալու կոչեր են անում, իրենց հայտարարություններում հնչեցնում` եթե այսպես պիտի քայլ անեք, ավելի լավ է կանգ առնեք և հանգիստ նստեք տեղներդ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա իրենց քաղաքական գնահատականն է, ես չեմ ուզում մեկնաբանել. մարդիկ կան կիսում են նրանց կարծիքը, մարդիկ կան՝ չեն կիսում: Ես որևէ բացասական կամ քննադատական բան չեմ ասելու Դաշնակցության հանրահավաքի մասին, որովհետև որևիցե բացասական բան չեմ տեսել: Քաղաքական ուժ է, հանրահավաք է արել, ավելին ասեմ՝ ես դեռ ավելին էի սպասում նրանցից: Նրանցից ավելի մեծ քննադատություն էի սպասում, բայց ոչ թե մեղմ գտնվեցին, այլ ավելի շատ անհասկանալի էր մեծ քաղաքական կառույցի կողմից էմոցիոնալ եզրույթներով խոսելը, օրինակ` լրջացեք, հանգիստ նստեք տեղներդ, ցեխերի մեջ ձեռք չեն լվանում և այլն»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Արձագանքելով Դաշնակցության հանրահավաքից ևս մեկ աղմկահարույց հայտարարության, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխի հետևից երևում են Լևոն Տեր-Պետրոսյանի ականջները, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իշխանության հետևից երևում է հայ ժողովրդի կամքը, կամայականությունը, և որևէ ավել բան չի երևացել և չի կարող երևալ: Դուք լավ գիտեք, որ սկզբունքային տարբերություններ կան: Եթե ինչ-որ մարդկանց հետ շփվում ենք կամ համագործակցում ենք, դա նշանակում է, որ երկու քաղաքական թիմերը նո՞ւյնն են, իհա՛րկե ոչ: Դա մեկնաբանության խնդիր է, մարդ չկա՞, որ ՀՀԿ-ի հետ աշխատել է»,- աաաց նա:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին, Ալեն Սիմոնյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, որովհետև Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, մեծ կասկածներ և մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ»,- ասաց նա:

Նրա խոսքով` Հրայր Թովմասյանը հանրության մոտ վստահություն չի ներշնչում մի քանի պատճառով. «Նա եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժել են, և նա դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով: Երկրորդը՝ նա հեղինակել է երկու շատ վիճահարույց և ՀՀ քաղաքացիների կողմից բավական քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը:

Կարծում եմ, որ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ ՀՀԿ ժառանգությունն է հանդիսանում, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Խոսելով դատական համակարգում առաջիկայում իրականացվելիք վեթինգի մասին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա որքան հնարավոր է շուտ պիտի լինի, քանի որ որքան շուտ՝ այդքան լավ:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե վեթինգը միայն դատավորների՞ն է վերաբերվելու, Սիմոնյանը պատասխանեց. «Չգիտեմ, կարծում եմ, որ եթե դրա հետ կապված մտահոգություններ կլինեն, դրա մասին էլ կխոսենք: ՀՀ-ում չկա մարդկանց մի դաս, որ օրենքի առաջ մյուսների հետ հավասար չէ և, եթե պետք է՝ նաև դատախազներ ու պատգամավորներ վեթինգի կենթարկվեն»,-եզրափակեց նա:

Սիլվի Տիգրանյան