Երևանում նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցույթին ներկայացվել է մրցութային 7 փաթեթ

137

Երևանում «Նոր աղբավայրի նախագծում և կառուցում, առկա հին աղբավայրերի փակում և առկա ու նոր աղբավայրերի շահագործում» մրցույթի փաթեթները բացվել են մայիսի 24-ին: Նախքան փաթեթների բացումը հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հույս է հայտնել, որ մրցույթի վերջնարդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը և Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 50 ընկերություն: Սահմանված ժամկետում ներկայացվել է մրցութային 7 փաթեթ, այդ թվում՝ 3 այլընտրանքային առաջարկներով: Մրցույթի այս՝ առաջին փուլում կիրականացվի որակական և տեխնիկական գնահատում, որը կարող է տևել 6 ամսից մինչև 1 տարի: Մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ կներկայացնեն գնային առաջարկներ, և ամենացածր գին առաջարկած մասնակիցն էլ կճանաչվի հաղթող:

Ընտրված կազմակերպությունը նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո կստանձնի նաև նոր աղբավայրի շահագործումը` 5 տարի ժամկետով:

Կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Նույն չափորոշիչներին համապատասխան կփակվեն Նուբարաշենում և Աջափնյակում գործող աղբավայրերի տարածքները: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան տարողությունների կառուցում: Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով, զինված է լինելու աղբի կշեռքով և անվադողերի լվացման համակարգով, աղբի տոփանման և հարթեցման համար անհրաժեշտ համապատասխան մեքենասարքավորումներով: Կկառուցվեն նաև աղբավայրի պատշաճ մուտք, սպասարկման վարչական շենք, թափոնների, հոսքաջրերի ու վերգետնյա ջրերի վերլուծության լաբորատորիա և այլ ենթակառուցվածքներ:

Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրման եղանակով ստանալ այլընտրանքային էներգիա:

Ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), վարկային, Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմադրամի դրամաշնորհային միջոցներով: