Նա կորցրել է կապն իրականության հետ

148

«Ես Արթուր Վանեցյանին կոչ կանեմ` վեր կենալ և քայլել: Եթե լուրջ, ապա նա կորցրել է կապն իրականության հետ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը` անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` իրեն ուղղված հորդորին, որ հանգիստ նստի տեղը:

Նշենք, որ առավոտյան, երբ Ազգային ժողովում լրագրողները Արթուր Վանեցյանին հարցրին` ինչպես է արձագանքում Դանիել Իոաննիսյանի այն հայտարարություններին, թե ԱԱԾ տնօրենը կապ ունի քրեական հեղինակությունների հետ, ինչպես նաև չարաշահել է իր լիազորությունները, Վանեցյանը նրան հորդորեց, որ հանգիստ նստի տեղը: Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց` Արթուր Վանեցյանը մեղադրում է իրեն պատվերով քննադատելու մեջ, այնինչ ինքն այսօր ընդունել է, որ նախկինում պատվերով Ալեքսանդր Սարգսյանի դեմ քրեական հետապնդում չի իրականացրել. «Այսինքն, ինքն ընդունում է, որ պատվերով գործել է ու ինձ մեղադրում է պատվերով գործելու մեջ:
Ես կարծում եմ, որ նա իսկապես իրականության հետ կապը կորցրել է: Ոչ ինքը թող մտածի, որ ինքը Նիկոլն ա, ոչ էլ, որ ես Հանրապետական կուսակցությունն եմ, որ ինձ ասում ա՝ հանգիստ նստի տեղդ»,-ասաց Դանիել Իոաննիսյանը: Նա վերստին հաստատեց իր հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանը կապ ունի քրեական հեղինակությունների հետ և վերջիններս պաշտպանում են ԱԱԾ տնօրենի շահերը լրատվամիջոցների մոտ. «Ես անուններ բազմիցս նշել եմ, խոսքը Էրեբունիի քրեական հեղինակությունների մասին է, որոնք հիմա իրենց ավելի լավ են զգում, քան նախկինում»,- ասաց նա: Մեր հարցին, թե մեկ օրինակ՝ Էրեբունիում հայտնի «Վստրեչի ապեր» մականունով քրեական հեղինակության հետ կապ ունի՞, Իոաննիսյանը հաստատեց, ասելով` «այո»:

Դիտարկմանը, որ նա նշել էր, թե ԱԱԾ տնօրենը լիազորությունների չարաշահում է արել, ինչպիսի՞ չարաշահման մասին է խոսքը, Իոաննիսյանը պատասխանեց. «Այո՛, այս հարցը ՀՔԾ արդեն ուղարկվել է, ԱԱԾ-ում իրոք առկա է լիազորությունների չարաշահման դեպք՝ քրեական օրեսնգրքի 308-րդ հոդվածով: Եթե մենք նախկինում ապացույց չունեինք, որ դա Վանեցյանի գիտությամբ է արվել, ապա ՀՔԾ-ում նրա խորհրդականն արդեն ասել է, որ Վանեցյանը տեղյակ է եղել այդ գործողություններից»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:

Սիլվի Տիգրանյան