Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում. Սալոմե Զուրաբիշվիլի

188

«Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ»,- «TVP Info»-ի եթերում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն առաջին պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում: Նրա խոսքով՝ 2008 թվականի ողբերգական իրադարձություններից հետո արդեն դժվար է ինչ-որ բանով վախեցնել վրացիներին` հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ռուսաստանը խնդիր է, բայց մենք չենք վախենում, քանի որ եթե կենտրոնանանք վախի վրա, կմոռանանք մնացած ամեն ինչ եւ կմտածենք միայն դրա մասին: Դա սխալ ճանապարհ է, քանի որ այդպես երկիր չի կառուցվում, եւ այդպես զարգացման հնարավորություններ չեն հայտնվում: Մենք կենտրոնանում ենք ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամակցելու, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման վրա»,-ասել է նախագահը:

Նա նշել է, որ Վրաստանը որպես պետություն չպետք է դիտարկվի միայն Ռուսաստանի հետ դիմակայության պրիզմայով: «Վրաստանը գոյություն ունի որպես անկախ պետություն, որը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը, որն ունի իր արտաքին ու տնտեսական քաղաքականությունը: Ռուսաստանը չի որոշում ո՛չ մեր ապագան, ո՛չ մեր գոյությունը»,-հավելել է Սալոմե Զուրաբիշվիլին: