Ռուսական նախազգուշացում Հայաստանին

9669

Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՏՄ դաշնակիցներից ակնկալիքներ ունի։ Երևանում երեկ կազմակերպվել էր եվրասիական փորձագիտական ակումբի «ԵԱՏՄ-ի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները Ռուսաստանի դեմ հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների» համատեքստում թեմայով քննարկումը։ Այդ քննարկման ընթացքում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, թե Մոսկվայում հասկանում են, որ Ռուսաստանին մեկուսացնելու գիծը կիրականացվի նաև դաշնակիցների միջոցով, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների։

— Մենք ակնկալում ենք, որ մեր շահերի ընդհանրությունը մեր տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն ըմբռնում, որ պետք է միասին մնալ, միասին զարգանալ,— ասել է դեսպանը՝ նշելով, որ Մոսկվան այս առումով ակնկալիքներ ունի իր դաշնակիցներից և համոզված է, որ բոլոր ուղղություններով կգտնվեն անհրաժեշտ լուծումները։

Ռուս-ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում Հայաստանի իշխանությունները չեզոք դիրք են գրավել, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում և այլ կառույցներում բոլոր քննարկումների ժամանակ ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։

Ըստ էության, ռուս-ուկրաինական պատերազմը նաև ստիպել է ռուսական կողմին առավել մեղմ վերաբերմունք դրսևորել իր դաշնակիցների՝ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ։ Այս ամենը, իհարկե, երկար տևել չի կարող, պատերազմից հետո անկախ դրա ելքից, Ռուսաստանը հիշեցնելու է նախկին կամ գործող դաշնակիցների վարքը տարբեր փուլերում և հաշիվ է պահանջելու ցանկացած առանձին դրվագներով։

Ռուսաստանի դեսպանի այս հայտարարությունը ընդամենը նախազգուշացում է գործող իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ չեզոքության այս շքահանդեսը, որ փորձում են իրականացնել Հայաստանի իշխանությունները, այնքան էլ անտեսանելի չեն պաշտոնական Մոսկվայի համար։ Իզուր չէ, որ մի քանի անգամ Հայաստան է զանգահարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկ անգամ էլ՝ Վլադիմիր Պուտինը։

Երկու օր անց Մոսկվա է մեկնելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հանդիպելու Սերգեյ Լավրովի հետ, իսկ արդեն ապրիլին նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Ստեղծված իրավիճակում, երբ Ռուսաստանի գլուխը խառն է Ուկրաինայում կատարվող իրադարձություններով, նման զարգացումները, երբ ստիպված են Մոսկվա կանչել Հայաստանի գործող իշխանություններին, վկայում են, որ փաշինյանական իշխանությունը սպառել է իր վստահության ամբողջ պաշարը և, ըստ էության, նրանից հաշիվ են պահանջելու իր քաղաքական վարքաբանության համար։ Կդիմանա արդյո՞ք Հայաստանի իշխանությունը, կկարողանա՞ մինչև վերջ ամուր պնդել իր ասածի վրա, խստորեն կասկածում ենք։

Գևորգ Միսկարյան