Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը։
«Վարչապետի ելույթը կարելի է անվանել պատմական:
Պատերազմ հայտարարելով դատական համակարգին` վարչապետը երկիրը տանում է տոտալ բռնապետության:
Բոլոր գեղեցիկ, վերացական ու առաջին հայացքից ականջ շոյող ձեւակերպումներն ընդամենը շիրմա են, փաթեթավորման գործիք…
Թվում է սրանից վատ էլ ի՞նչ կարող է լինել: Բայց փաստորեն կա, եւ վարչապետի նույն ելույթում:
Գիտակցաբար թե ոչ, վարչապետն այսօր նշանակեց հնարավոր պատերազմի դեպքում մեղավորներին, ու նշանակեց` ներսից:
Գիտակցե՞ց արդյոք — ի՞նչ կարգի մարտահրավեր ստեղծեց Հայաստանի ու Արցախի անվտանգությանը — շրջանառելով «դավադիր պատերազմի հրահրման» վերաբերյալ իր երեւակայության ծնունդ — եզրույթը:
Հ.Գ. Կարծում եմ այս ելույթի ու կապիտալի արտահոսքի՝ ուղղակի ու անուղղակի կապերի մասին կարտահայտվեն տնտեսագետները…»,–գրել է նա։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր դատաիրավական համակարգի վերաբերյալ ելույթով է հանդես եկել, միաժամանակ անդրադարձ կատարելով ապրիլյան պատերազմին նշել է, որ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու եւ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: