Այսօր՝ հուլիսի 7-ին, կարմիր գորգի պաշտոնական արարողությամբ Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Որպես բացման ֆիլմ ընտրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա):

«Շատ ուրախ ենք, որ փառատոնը բացում ենք նման հեղինակավոր ֆիլմով: Ֆիլմը շատ քիչ ցուցադրություններ է ունեցել, այնպես որ՝ երեւանյան մեծ պրեմիերա ենք ունենալու այսօր, եւ ինձ համար հատկապես հուզիչ է, որ այս մեծ դահլիճում է անցնում փառատոնը, սա նաեւ նոր փորձառություն կլինի հանդիսատեսի համար»,-նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաեւ ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային եւ վավերագրական),  նաեւ՝ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

Այս տրվա կինոփառատոնն աչքի է ընկնում նոր անձնակազմով, նոր կարգախոսով եւ պաստառներով, որոնցում հիմնական շեշտը դրված է տառերի եւ համացանցում մեծ տարածում գտած արտահայտությունների վրա: «Փախած կինո գալի՞ս ես», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Կոֆե՞, կենտրո՞ն, կինո՞»՝ ահա այսպիսի գրառումներ արդեն առկա են քաղաքի մի շարք անկյուններում:

«Նրանք երիտասարդներ են, ովքեր սովորել եւ աշխատել են մեզ մոտ, բայց որպես ղեկավարներ՝ առաջին անգամ են իրենց զորքը տանում պատերազմի կամ հաղթանակի: Շատ լավ հյուրեր, ֆիլմեր, եւ դիզայն է ընտրված»,-նշեց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը՝  «Ոսկե ծիրանի» նոր թիմին մաղթելով հաջող մեկնարկ:

Կարմիր գորգի մանրամասերը` մեր տեսանյութում եւ ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան

Օպերատոր` Դավիթ Խուդավերդյան

Լուսանկարները` Էմմա Ասատրյանի

NEWS.am STYLE