Հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտից դուրս

29

Հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտից դուրս Քաղաքական կյանքը աստիճանաբար ակտիվանում է: Մի կողմից ներքաղաքական, մյուս կողմից արտաքին քաղաքական գործոնները ստիպում են թե իշխանությանը, թե ընդդիմությանը դիրքավորվել քաղաքական դաշտում և պատրաստվել ապագա զարգացումներին: Իսկ ապագայում միարժեքորեն տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, չնայած իշխանությունները իբր հերքում են, թե չկա ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ: Սակայն քաղաքական դաշտի բոլոր դերակատարներն էլ հասկանում եմ, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջից բացի, կա նաև դրա բուն քաղաքական անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանի ընթացքը կանգնած է, չի գնում որևէ տեղ: Իսկ իրավիճակը շտկելու, լիցքաթափելու միակ ելքը ընտրություններն են: 17 կուսակցությունների ընդդիմադիր հարթակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, համարում, որ նա պետք է հրաժարական տա, ձևավորվի անցումային կառավարություն, որն էլ իր հերթին մի տարի հետո կկազմակերպի արտահերթ ընտրություններ առանց անցումային վարչապետի մասնակցության: Ընդդիմադր ուժերից մի քանիսն էլ կարծում են, որ պետք է տեղի ունենան ընտրություններ, բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ:

Իրականում դրանք Նիկոլ Փաշինյանի գրպանային իբր ընդդիմադիր մարդ-կուսակցություններն են: Այս մոտեցումներից տարբերվող տեսակետ ունի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը: Ի դեպ, Խաչիկ Ասրյանը հետաքրքիր պերսոնաժ է այն իմաստով, որ իր հասարակական-քաղաքական գործունեությունը մշտապես ծավալել է ազգային պետություն կերտելու գաղափարական հենքի վրա: Նա կարծում է, որ հայ ժողովուրդը խստագույնս մերժում է ինչպես Հայաստանի նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած մորթապաշտներին, այնպես էլ՝ ներկայումս գործող՝ ամերիկահպատակ, թրքապաշտ՝ նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյան Նիկոլին և նրա լակոտակրատիային: Խաչիկ Ասրյանը, մեծ հաշվով, իրավացի է, երբ ասում է, որ հայ ժողովուրդն այլևս չպետք է թույլ տա, որ իրեն ներքաշեն հողատու ներկայի ու մերժված անցյալի արատավոր շրջապտույտի մեջ: Այո, մեր բազմաթիվ վերլուծականներում միշտ էլ արծարծել ենք այն տեսակետը, որ մեր հասարակությունը մտել է մի փակ շղթա ու չի կարողանում դուրս գալ այդ տեղապտույտից:

Կա պահանջարկ թարմ ու նոր ուժերի, որոնք չեն ասոցացվելու հների ու նորերի հետ Քաղաքական առաջարկ, որպես այդպիսին, մեծ հաշվով, չկար մինչև վերջերս: Հիմա «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը նման առաջարկ է անում մեր հասարակությանը: Թե ինչքանով հանրության համար ընկալելի կդառնան նորաստեղծ քաղաքական ուժի գաղափարները, ժամանակը ցույց կտա, սակայն մի բանում չենք կարող չհամաձայնել Խաչիկ Ասրյանի հետ՝ հասարակության մի մեծ հատված ցանկանում է, որ իրեն առաջնորդեն Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող, սոցիալական-ռազմական պետություն կառուցելու հրամայականով առաջնորդվող ուժերը: Հայտնի խոսք կա՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բայց այդ արվեստն առանց ազգային հենքի դատապարտված է ոչնչացման:

Արամ Խաչատրյան