«Մարդիկ պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար, որ ինքը հրահանգ չտվեց ցույցերը ցրելու». Երանոսյան․ «Հրապարակ»

62

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին հարցրինք՝ մասնակցելո՞ւ է այսօր ընդդիմության հրավիրած մեծ հանրահավաքին։ «Միանշանակ, իմ ազգի խնդիրն ա, ես ո՞նց կարամ չմասնակցեմ»,-ասաց նա։

– Միայն Դո՞ւք եք գալու, թե՞ Ձեր մարտական, ծառայակից ընկերներից էլ մարդիկ կլինեն Ձեզ հետ։

– Ովքեր հարգում են ինձ, իմ հետ են լինելու։

– Բայց կոչ արել կամ առաջարկե՞լ եք, որ գան։

– Ոչ, ոչ մեկին էլ ես չեմ առաջարկում, ովքեր հարգում են ինձ, ուրեմն վաղը կլինեն էնտեղ։

– Ի՞նչ եք կարծում, ոստիկանությունն այս անգամ իրեն ինչպե՞ս կդրսեւորի, Դուք ասում էիք՝ այնտեղ արժանապատիվ մարդիկ կան, եւ եթե Դուք կոչ անեք, դեմ դուրս կգան այս իշխանություններին։

– Ես նման կոչերի չեմ գնա, բայց, համենայնդեպս, ոստիկանությանը կասեմ, որ իրենք իրենց չափերի մեջ լինեն, օրենքի շրջանակներում։

– Ըստ Ձեզ՝ ընդդիմությանը կհաջողվի՞ այս անգամ հասնել հաղթանակի, մենք տեսնում ենք, որ եղանակային պայմանները, օրինակ, այդքան էլ նպաստավոր չեն հանրահավաքի համար։

– Ի՞նչ կապ ունի եղանակը, ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը։ Իմ խոսքը դա է։ Ովքեր հարգում են իրենց երկիրը, իրենց պետությունը, իրենց պետականությունը, պիտի գան։

– Սերժ Սարգսյանի հարցազրույցը դիտե՞լ եք, ի՞նչ կարող եք ասել։

– Ուրեմն՝ Սերժ Սարգսյանը ճշտախոս մարդ է ու ինչ ասել է, ճիշտ է ասել։

– Ինքն ասում էր՝ հրաժարական է տվել, որ արյուն չթափվի, Դուք այն ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարն էիք, ի՞նչ կարող եք ասել այդ մասով։

– Այո, ես իմ խոսքի մեջ նշել էի, որ մարդիկ ինչ-որ տեղ, որ մտածում են, պիտի ճիշտ մտածեն, պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար, որ ինքը հրահանգ չտվեց էն ժամանակ ցույցերը ցրելու։ Եթե հրաման ստանայինք, մենք միանշանակ կանեինք։

– Դուք մի անգամ ասել եք, որ հնարավոր էր առանց արյան ցրել այդ ցույցը։

– Միանշանակ, օրենքի շրջանակներում ամեն ինչ էլ կարելի էր անել։

– Այդ դեպքում ինչո՞ւ է նախկին նախագահն ասում, որ հրաժարական տվեց, որպեսզի արյուն չթափվի։

– Ուրեմն՝ ամեն գործողության ժամանակ, եթե մասսայի հետ ես շփվում, կարող է եւ էդպիսի դեպքեր լինեին, դա մտածում էր նախագահը։

– Իսկ ավելի վաղ, օրինակ՝ Ռադիոտունը գրավելու օրը հնարավո՞ր չէր կանխել այդ շարժումը։

– Դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես զորքերի հրամանատարն եմ եղել ու չեմ կարող դրան պատասխանել։

– Իսկ պատերազմի հետ կապված իր ասածների վերաբերյալ ի՞նչ կասեք, որ ասում էր՝ 600 դոլարով զրահաբաճկոն են գնել, այլ խնդիրներ էր մատնանշում։

– Ես նորից եմ կրկնում, որ եթե նախագահն ասում է, ուրեմն ճիշտ է ասում, որովհետեւ Սերժ Սարգսյանը ճշտախոս մարդ է։

– Շուշիի հետ կապված Ձեր առեւանգման գործից ի՞նչ կա, կարծես դիմել էիք, որ գործ հարուցեն Ձեզ առեւանգելու եւ Շուշիի բերդում պահելու համար։

– Ես բողոքարկել եմ դատախազություն, թե ինչու են կարճել գործը։ Մնացածը փաստաբանս ավելի մանրամասն կասի»։