Արտաքին առևտրի թույլատվության փաստաթղթերը շուտով հնարավոր կլինի ստանալ մեկ պատուհանի համակարագով

11

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մաքսային աշխատակիցների ու քաղաքացիների շփումները նվազեցնելու քաղաքականությունը՝ ներդնելով «Մեկ պատուհան» համակարգը: ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը նշեց, որ ավարտին են մոտենում «Մեկ պատուհան» համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները։ Համակարգի վերջնական ներդրումը մի փոքր հետաձգվել էր հանրապետությունում COVID-19-ով պայմանավորված արտակարգ վիճակի և երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով։

«Համակարգի ներդրումից հետո հնարավորություն կստեղծվի մեկ էլեկտրոնային հարթակի միջոցով դիմել արտաքին առևտրի պետական կարգավորման ոլորտում իրավասություններ ունեցող պետական մարմիններին՝ դրանց կողմից համապատասխան թույլատրող փաստաթղթեր, լինի լիցենզիա, եզրակացություն, թե հավաստագիր, ստանալու համար»,-ասաց Արտեմ Կարապետյանը:

Էլեկտրոնային հարթակում ընդգրկված են լինելու գրեթե բոլոր պետական մարմինները, որոնք առնչություն ունեն արտաքին տնտեսական գործունեության հետ: Ե՛վ ներմուծողները, և՛ արտահանողները, օգտվելով այդ հարթակից, կարող են մեկ հայտի միջոցով հարցերը կարգավորել: Համակարգն ինքն է գեներացնելու հայտերը՝ ուղղելով համապատասխան պետական մարմնին փաստթղթերը ստանալու համար:

«Եթե մենք ունենանք այնպիսի դեպքեր, երբ ապրանքի փորձաքննության անհրաժեշտություն չի լինելու, ապա քաղաքացին մեկ պատուհանի միջոցով կարող է իր գրասենյակից դիմել պետական մարմիններին և ստանալ համապատասխան թույլտվությունը: Այդ համակարգի միջոցով հնարավոր է լինելու լրացնել նաև մաքսային հայտարարագիր: Թույլատրող փաստաթղթերն ավտոմատ կերպով կկցվեն այդ հայտարարագրին, և մաքսային մարմինները հսկողություն կատարելուց կտեսնեն, որ կան նաև թույլատվության փաստաթղթերը»,-հավելեց Արտեմ Կարապետյանը: