Լեհաստանը Covid-19-ի պատճառով Սլովակիայի և Չեխիայի հետ սահմաններին կարող է սահմանափակումներ կիրառել

11

Լեհաստանը կարող է սահմանափակումներ կիրառել Սլովակիայի և Չեխիայի հետ սահմաններին՝ հաշվի առնելով այդ երկրներում կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի մեծ տեմպերը: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նյեձելսկին:

«Այսօրվա տվյալներով՝ սահմանները կբացվեն կորոնավիրուսի բացասական թեստի առկայության պայմաններում, սակայն իրավիճակը կարող է փոխվել»,- ասել է նա՝ նշելով, որ վերջնական որոշումն ընդունվելու է հաջորդ շաբաթ:

Հարցին, թե արդյոք կառավարությունը մտածում է սահմանափակումներ կիրառել հարավային սահմաններին՝ սահմանակից երկու պետությունների համար, որտեղ նոր կորոնավիրուսի դեպքերն ավելացել են, նախարարն ասել է. «Այո, անշուշտ»: Ադամ Նյեձելսկին հավելել է, որ իրենք սպասում են համավարակի երրորդ ալիքին մարտին կամ ապրիլին:

Լեհաստանը վերջերս թուլացրել էր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ մասնակիորեն բացելով կինոթատրոնները, հյուրանոցները, թատրոնները՝ նախազգուշացնելով, որ միջոցառումները կարող են կրկին սաստկանալ, եթե համաճարակային վիճակն ավելի վատանա: