2020-ին 2 ոլորտում է աճ գրանցվել․ մեկը գյուղատնտեսությունն է․ Փաշինյան

24

Կառավարությունը հաստատեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության, այսինքն՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու որոշումը։ Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ծրագիրը բավական պահանջված է, և մեկնարկից՝ 2018-ից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբեր հաստատվել է 201 շահառուի 293 լիզինգի հայտ՝ 8,9 մլրդ դրամի չափով։ Դրա շրջանակում ձեռք է բերվել 750 միավոր սարքավորում, իսկ կառավարության կողմից տրամադրված սուբսիդավորման գումարը կազմել է 266 մլն դրամ։

 

«Այս որոշմամբ սահմանվում է, որ յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքի հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացվում է մինչև 1 մլրդ դրամի»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ծրագիրը միտված է գյուղատնտեսությունը խոշորացնելուն, այսինքն՝ խթանելու գյուղատնտեսներին՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկել և բարձրացնել իրենց արտադրողականությունը։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունն ի սկզբանե խնդիր էր դրել, որ գյուղատնտեսության աջակցման ու զարգացման ծրագրերը պետք է դարձնել ավելի ու ավելի արդյունավետ։ «Եվ հայտնի է, որ մենք բովանդակային էական փոփոխություններ ենք կատարել գյուղատնտեսության աջակցման գործիքներում։ 2020 թվականին մենք ընդամենը երկու ոլորտ ունենք, որտեղ աճ է գրանցվել։ Եվ այդ երկու ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։ Եվ այս գործում, կարծում եմ, որոշակի դերակատարում ունի նաև այս ծրագիրը»,- ասաց կառավարության ղեկավարը:

 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի ընթացքում լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա։ Սա, նրա խոսքով, բավական մեծ թիվ է Հայաստանի համար: «2019-ին էլ մենք շատ հաջող ավարտեցինք այս ծրագիրը»,- նկատեց վարչապետը։