Ռուսաստանցի պատգամավորը ոստիկանին ծեծել է բահով

195

Յակուտիայում կդատեն պատգամավորին, որը բահով ծեծել է ճանապարհապարեկային ծառայության աշխատակցին։ Այս մասին տեղեկացվում է Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության կայքում, հաղորդում է Lenta-ն։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի վերջին, երբ հանրապետությունում նշում էին «Իսիախ-2019» յակուտական ազգային տոնը՝ նվիրված ամռանը։ Ճանապարհապարեկային ծառայության տեսուչը տեղամասային տեսչի հետ միասին պարեկում էր Վերխնեվիլյուսկյան շրջանի Օրոս գյուղի փողոցներում, երբ տեսավ հարբած պատգամավորին, որը ծեծում էր կենակցուհուն։

Տեսուչը պահանջել է, որպեսզի ժողովրդի ընտրյալը դադարեցնի կնոջը ծեծել, սա պատասխանել է, որ չի պատրաստվում կանգ առնել եւ փախել է բակ։ Երբ ոստիկանը հետեւել է նրան, պատգամավորը բահով հարձակվել է նրա վրա եւ մի քանի հարված հասցրել գլխին, ձեռքին եւ թիկունքին։

Դրա հետեւանքով ոստիկանության աշխատակիցը ստացել է վնասվածքներ եւ կապտուկներ, իսկ պատգամավորի հանդեպ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քր.օր.18-րոդ հոդվածով («Բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ՝ ծառայողական պարտականությունները կատարելիս»)։

Հետաքննությունն ավարտվել է երկու շաբաթում, քրեական գործը հանձնվել է դատախազությանը՝ մեղադրական եզրակացության հաստատման եւ դատարան հանձնելու համար։