Ինչ է ասել ՌԴ նախագահը Արցախը ճանաչելու մասին

153

ՌԴ նախագահ Պուտինը նոյեմբերի 17-ի հարցազրույցում խոսում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մինչ այդ եղած եւ բաց թողնված հնարավորության, ինչպես նաեւ ավելի ընդգրկուն իրողությունների մասին, որոնք վերաբերում են Արցախի հակամարտությանը:

Այդ շարքում է նաեւ կարգավիճակի հարցը, որի առնչությամբ Պուտինը երկու անգամ ընդգծեց, որ Արցախի անկախությունը չի ճանաչել նաեւ Հայաստանը: Պուտինը չճանաչվածությունը համարեց այս պատերազմի էական գործոն, փաստացի նշելով, որ այդպիսով Ադրբեջանն ըստ էության ստացել էր «պատերազմի միջազգային իրավունք»:

Այդ «իրավունքի» հարցում ՌԴ նախագահն իհարկե փորձեց մի կողմ դնել Ռուսաստանի պատասխանատվության հարցը: Ավելին, ըստ երեւույթին հայ ժողովրդի առաջ այդ պատասխանատվությունից ազատվելու համար էլ ՌԴ նախագահը չճանաչելու պատասխանատվության տակ դրեց հայկական իշխող վերնախավերին:

Ի՞նչ էր անելու Ռուսաստանը, եթե օրինակ Հայաստանը առաջին պատերազմից հետո որեւէ պահից հայտարարեր Արցախը ճանաչելու մասին: Պուտինն ասում է, որ ճանաչում լինելու դեպքում չէր լինի պատերազմ: Իր հերթին, հայկական վերնախավը անցնող ավելի քան քառորդ դարի ընթացքում պարբերաբար խոսել է հակառակի մասին, որ քանի դեռ բանակցություն է ընթանում, ճանաչելը կնշանակի պատերազմ:

Խորքային առումով, սակայն, Պուտինը խնդիրը շոշափում է ռազմավարական իմաստով: Նա փաստացի արձանագրում է, որ հայկական ղեկավարությունները առաջին պատերազմի հաղթանակից հետո գործնականում ծախսել են այդ հաղթանակի ռազմա-քաղաքական կապիտալը, գլխավոր խնդիր դնելով մի բան՝ «որ վերջին կոպեկը ծախսելը չմնա իրենց պաշտոնավարման ժամկետին»: Այդպես, «վերջին կոպեկը» հասցրին Նիկոլ Փաշինյանին:

Այդ իմաստով, Պուտինն իր հարցազրույցում Փաշինյանի նկատմամբ բավական ազնիվ գտնվեց, պարզորոշ մատնացույց անելով, որ 44-օրյա պատերազմում պայթել է Արցախի հարցում հայկական քաղաքականության ավելի քան քառորդ դարի ռազմավարական դատարկությունը: Պուտինը մատնացույց է անում, որ հայկական կողմն այդ ընթացքում չի ստանձնել որեւէ վճռորոշ քաղաքական որոշման պատասխանատվություն, եւ թե Ռուսաստանը, թե միջազգային հանրությունը խոշոր հաշվով չեն կարողացել հասկանալ՝ ի վերջո Հայաստանի ռազմավարական քաղաքականությունը առաջին հաղթանակի ամբողջական արդյունքը պահպանե՞լն է, թե՞ դրա վրա հնարավորինս ժամանակ ձգելն ու սակարկություն անելը:

Շարունակություն…