Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում (Lragir.am)

80

Lragir.am-ը գրում է`

Ապշերոնյան հանցախմբի պարագլուխը հայտարարել է, թե պատրաստ է կանգնեցնել պատերազմը պայմանով, որ նոր գիծն անցնելու է այնտեղով, որտեղ կանգնած են զինվորականները։ Նա ինչ որ քարտեզ է հրապարակել, որում նշել է իր պատկերացրած գիծը։

Ադրբեջանը ահռելի քանակի տեխնիկա եւ մարդուժ կորցնելուց հետո անցավ օդային եւ դիվերսիոն մարտավարությանը։ Ադրբեջանական խմբերը մտնում են բնակավայրեր, այդ թվում անբնակ, դրոշներ տնկում՝ մի կողմից իբր հաղթանակներ ցույց տալու, մյուս կողմից՝ խուճապ տարածելու նպատակով։ Այս մասին մանրամասն խոսել է Արծրուն Հովհաննիսյանը։

Դա որոշակի արդյունք տվել է, հատկապես հարավում։ Ադրբեջանական փոքր խմբերի հաջողվել է ներթափանցել բնակավայրեր, ինչը բացահայտել է նաեւ թիկունքի անկազմակերպվածությունը։ Արցախի իշխանությունը Մոսկվա նամակներ ու խնդրանքներ գրելու, անկումային տրամադրություններ տարածելու եւ դիրքերում նկարվելու փոխարեն պետք է կազմակերպի այդ գյուղերի մաքրումը հրոսակախմբերից։

Հայկական բանակն արագ վարժվել է այս մարտավարությանը, եւ հարավում արդեն մի քանի օր տեղային մարտերում ոչնչացվում են նման խմբերը։ Ըստ էության, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, հարձակողական մարտերի համար նրա զինտեխնիկան չի բավարարում, այսօր էլ ՊԲ-ն հաղորդեց միանգամից 11 աթսներ խոցելու մասին։

 

Հենց սա է ստիպել Ալիեւին խոսելու պատերազմը դադարեցնելու մասին, սակայն իր պայմանով։ Նա հասկացել է ինչ է կատարվում։

 

Հայկական կողմում ամենահամարժեքն առայժմ մնում է բանակը, որը հստակ ու սառնասիրտ ոչնչացնում է ադրբեջանական բանակը։ Իսկ քաղաքական ղեկավարությունն այդպես էլ հստակ չի կարողանում ձեւակերպել իր նպատակները ռազմի դաշտում եւ քաղաքական կարգավորման հարցում եւ հստակ ներկայացնել աշխարհին։ Բարեկիրթ եւ խաղաղասիրական դիրքորոշումները որեւէ ընկալում չեն ունենում, եւ դրանում հանրությունը կարող էր համոզվել պատերազմի այս օրերին։ Աշխարհը ճանաչելու է պատերազմի արդյունքը՝ քաղաքական պահանջներով։

Սուրեն Սահակյանն ասում է, որ հիմա հասել է նյարդային պատերազմի ժամանակը, եւ հաղթելու է նա, ում հանրությունն ավելի ամուր ու միակամ կգտնվի, ում հաղթելու վճռականությունն անկոտրում է, ով հավատում է հաղթանակին։ Կարո՞ղ է հայ հանրությունը հաղթահարել այս պատերազմի այս վերջին փորձությունն էլ։