Ամերիկյան հեռուստաալիքն ընդդիմացել է թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների սպառնալիքներին և ցուցադրել հայ պարողների ելույթը (տեսանյութ)

133

Ամերիկյան CW Network հեռուստաալիքը դիմադրություն է ցույց տվել թուրքական և ադրբեջանական կառավարությունների ջանքերին, որոնք փորձել են արգելել Հոլիվուդյան սուրբծննդյան շքերթի ժամանակ հայ պարողների ելույթի ցուցադրությունը:

Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ Հոլիվուդյան սուրբծննդյան շքերթը 90-ամյա ավանդույթ է, որը հարյուր հազարավոր այցելուների է գրավում, ինչպես նաև հեռարձակվում է միլիոնավոր հեռուստադիտողների համար ողջ աշխարհում:

Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած տոնական միջոցառումից հետո Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջան Օգուզը և նրա ադրբեջանցի գործընկեր Նասիմ Աղաևը պահանջել են հեռուստաալիքից կտրել միջոցառման հայկական հատվածը, որում հայկական պարային համարից բացի երևում են նաև ՀՀ և Արցախի դրոշները: Ադրբեջանցի և թուրք դիվանագետները հաղորդման հեռարձակումն անվանել են «ահաբեկչության» սատարում:

Նշվում է, որ այս տարվա հոլիվուդյան միջոցառումը վարել են Դին Չեյնը, Էրիկ Էստրադան, Մոնթել Ուիլյամսը և այլ հայտնիներ: Հաղորդումն ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվել է դեկտեմբերի 14-ին: