Գրիպի վիրուսի պատճառով տղան գոտկատեղից ներքեւ կաթվածահարվել է

230

Օռլանդոյից Ջոն Քրոուֆորդը 9 ամսականում կաթվածահարվել է գրիպի վիրուսի պատճառով, որն ախտահարել է նրա ողնուղեղը: Հիմա տղան արդեն 7 տարեկան է, բայց նախկինի պես հաշմասայլակով է տեղաշարժվում:

2013 թվականի մարտին փոքրիկի ծնողները նկատել են, որ նա թուլացել է, դարձել է կասկածելիորեն ոչ աշխույժ: Նրանք երեխային անմիջապես հիվանդանոց են տարել, որտեղ ախտորոշել են հազվադեպ նեւրոլոգիական խանգարում, որը կոչվում է լայնակի միելիտ:

Ծնողներին բացատրել են, որ ողնուղեղի ախտահարման պատճառով նրանց որդին, ամենայն հավանականությամբ, պարանոցից ցած կաթվածահար կլինի: Սկզբում այդպես էլ տեղի է ունեցել, սակայն ֆիզիոթերապիայի շարքի եւ բուժման այլ տեսակների շնորհիվ տղայի ձեռքերի եւ ոտքերի մատների շարժունակությունն աստիճանաբար վերականգնվել է: Սակայն ծանր վնասվածքների պատճառով երեխան այդպես էլ չի կարողացել քայլել սկսել եւ մինչեւ հիմա տեղաշարժվում է հաշմասայլակով:

Լայնակի միելիտը ողնաշարի հատվածի բորբոքում է, որի դեպքում ախտահարվում է միելինային թաղանթը, որը նյարդերն է պաշտպանում: Արդյունքում խանգարվում է ուղեղից ողնաշարով ազդանշանների փոխանցումը վերջույթներին: Սա բերում է թուլության, կաթվածահարման, հաճախ՝ աղիների եւ միզապարկի խնդիրների:

Լայնակի միելիտը հաճախ գրիպի նման վարակիչ հիվանդությունների հետեւանք է: Ջոնի դեպքում հենց գրիպի վիրուսն է եղել կաթվածահարման պատճառը: Նախնական զննման ժամանակ նրա մոտ այս վիրուսը չի հայտնաբերվել, սակայն հոսպիտալացնելուց հետո 24 ժամ անց անալիզները հաստատել են դրա առկայությունը: Մասնագետների կարծիքով՝ հենց գրիպի վիրուսն է հարձակվել ողնաշարի վրա եւ կաթվածահարում առաջացրել:

NEWS.am Medicine