Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենի նախարարությությունը պաշտոնապես արգելել է բարձր ջերմաստիճանի շրջանում կենդանիների տեղափոխումը: Այս մասին BFM հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է գերատեսչության ղեկավար Դիդիե Գիյոմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ ես հրահանգել եմ արգելել կենդանիների տեղափոխումը: Չպետք է թույլ տալ, որպեսզի նրանք մնան բեռնատարերում կամ գնացքներում նման շոգ եղանակին»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ տվյալ միջոցը կկիրառվի մի քանի օր, եւ հնարավոր է նաեւ մյուս շաբաթ, եթե եղանակը չփոխվի:
Նշենք, որ ֆրանսիայի կենտրոնական հատվածում շաբաթվա սկզբից անոմալ շոգ եղանակ է գրանցվել: Պահպանվում է վտանգի նարնջագույն աստիճանը: Երեկ օդերեւութաբանները հայտնել են ռեկորդային 34,9 աստիճան ջերմության մասին: Վերջին անգամ նման ջերմաստիճան էր գրանցվել 1952 թվականին:
Բարձր ջերմաստիճանի պատճառով սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում: Փարիզում, Վիյերբանում, Աննեսիում, Լիոնում, Ստրասբուրգում եւ առաջին անգամ Մարսելում արգելել են ցածր էկոլոգիական դասի ավտոմեքենաների տեղաշարժը:
Բացի այդ, Ֆրանսիայի ՆԳՆ-ն զգուշացրել է անտառային հրդեհների ռիսկի մասին: Որոշ ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են: