Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համայն հայության ջանքերի համախմբմանն ուղղված մի շարք ծրագրային նախագծեր:
Կարեւորվել է գիտության եւ կրթության, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ռազմական բժշկության, սոցիալական ապահովության եւ այլ ոլորտներում Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր կառույցների միջեւ համագործակցության զարգացումը:
Շնորհավորելով պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել Զարեհ Սինանյանին համահայկական գաղափարների կյանքի կոչման եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: