Իվանիշվիլին պետք է պատասխանատվություն կրի հունիսի 20-ի իրադարձությունների համար. Վրաստանի հանրապետական կուսակցություն

186

«Վրաստանի հանրապետական կուսակցությունը» տարածել է հայտարարություն, որտեղ Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի առջեւ արյունոտ գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը վերագրում է «Վրացական երազանքի» կառավարությանը եւ անձամբ կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, հաղորդում է Գրուզիա Online-ը:

«Անձամբ Բիձինա Իվանիշվիլին պետք է կրի իրավական պատասխանատվություն հունիսի 20-ի իրադարձությունների համար»,-ասվում է Հանրապետական կուսակցության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Բիձինա Իվանիշվիլին չկարողացավ մարսել, ներել եւ խաղաղ բողոքի ցույցը ցրելու եղանակով փորձեց պատժել քաղաքացիական հասարակությանը, որը պաշտպանում էր իր ազգային արժանապատվությունը եւ խանգարել էր ռուսական Դումայի կողմից կազմակերպված այսպես կոչված «Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովին» Վրաստանի օրենսդիր մարմնի շենքում: Բիձինա Իվանիշվիլիի հետ մեկտեղ պատասխանատվությունը պետք է կիսի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Քոբախիձեն, որոնք պետք է անհապաղ հեռանան իրենց պաշտոններից:

Ակներեւ է պետության քայքայումը, որը գտնվում է սահմանադրական մեծամասնությունն ունեցող իշխանության ձեռքերում, ակներեւ է նաեւ ավտորիտար ռեժիմից ձեւավորել դիկտատուրա»:

Քաղաքական եւ պետական ճգնաժամից դուրս գալու նպատակով Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է առաջիկայում փոխել ընտրական համակարգը եւ հեռացնել իշխանությունից «Վրաստանի երազանքին» բազմակուսակցական ընտրությունների հիման վրա:

Ըստ «Վրաստանի հանրապետական կուսակցության»՝ ընտրությունների միջոցով քաղաքական ճգնաժամից դուրս գալը քաղաքացիական հասարակության պահանջն է, որին պետք է ենթարկվեն առանց բացառության բոլոր ժողովրդավարական ուժերը: