ՀՀ իշխանությունները ցանկանում են բարեփոխել սոցիալական աջակցության համակարգը. նախարար

183

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր առջեւ խնդիր է դրել, նախեւառաջ, հասնել ամենախոցելի խմբերին, որոնք մնացել են համակարգից դուրս համապատասխան քաղաքականության եւ ընթացակարգերի բացակայության պատճառով։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում, 2018-ի պետական բյուջեի կատարողականի մասին քննարկման ընթացքում, հունիսի 20-ին ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը հակված է մշտապես թարմացնել եւ փոփոխություններ մտցնել գործող ծրագրերում։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր առջեւ խնդիր է դրել, առաջին հերթին, հասնել ամենախոցելի խմբերին, որոնք մնացել են համակարգից դուրս համապատասխան քաղաքականության եւ ընթացակարգերի բացակայության պատճառով, բարեփոխել սոցիալական աջակցության համակարգն այնպես, որպեսզի սպասարկումների բոլոր տեսակները՝ ֆինանսական եւ ոչ ֆինանսական, մատուցվեն անհատական կարիքի դեպքում՝ խրախուսելով մարդկանց ունակությունների զարգացումը աշխատանքի տեղավորման եւ զբաղվածության հնարավորությունների ավելացման միջոցով։

Բաթոյանը նշել է, որ գերատեսչությունը նախատեսում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայություններն ավելի մատչելի դարձնել՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը եւ շփումը պետական մարմինների հետ, եթե դրա անհրաժեշտությունը չկա։

Ընդ որում՝ նախարարը տեղեկացրել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի գծով փաստացի ծախսերը 2018-ին կազմել են մոտ 352 մլրդ դրամ, որոնցից գերատեսչության ծախսերը կազմել են 10 մլրդ դրամ։