Nike հայտնի ապրանքանիշն արդուկի տեսքով սպորտային կոշիկներ է թողարկել

190

Սպորտային հագուստի Nike ամերիկյան ապրանքանիշը թողարկել է կանացի կոշիկների նոր մոդել, որը զայրացրել է կանանց, հայտնում է Mirror-ը։

Գնորդները կարծում են, որ Nike Air Max FF 720 նոր սպորտային կոշիկները ձեւով արդուկ են հիշեցնում։ Նոր մոդելի կոշկատակը թափանցիկ է, պլաստիկ, իսկ եզրերի հատվածում երկու կտրվածք է առկա, ինչը նմանություն է ստեղծում կենցաղային տեխնիկայի հետ։ Համցանցի օգտատերերը զայրացել են ապրանքանիշի վրա եւ հայտարարել, որ ապրանքը սխալ ուղերձ է կրում։

«Այսինքն՝ մենք այժմ պետք է սպորտային կոշիկի փոխարեն արդո՞ւկ կրենք», «Իհարկե, այսպիսի զույգ կթողարկեն նաեւ տղամարդկանց համար», «Ինչո՞ւ են նրանք շարունակում այսպիսի բան արտադրել, Nike, ինչո՞ւ», «Ֆեմինիստները չեն ուրախանա՝ տեսնելով այս կոշիկները»,- մեկնաբանություններում գրել են զայրացած օգտատերերը։

Nike Air Max FF 720-ը պետք է վաճառքի հանվի հունիսի 20-ին։ Մոդելը կներկայացվի մոխրագույն եւ սեւ գույներով։ Հրատարակությունը նշում է, որ նոր մոդելի առաջխաղացմանը մասնակցել են անգլիական կանանց ֆուտբոլի աստղ Ֆրեն Կիրբին եւ թենիսիստուհի Լաուրա Ռոբսոնը։