Ֆրանսահայ համայնքին զայրացրել է Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը». Գրիգոր Ամիրզայան

146

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը չեղյալ հայտարարելու «ամոթալի արարքը» Ֆրանսիայի հայ համայնքին զայրացրել է:

 

 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսիական Վալանս քաղաքի «Արմենիա» միության նախագահ և «24 ապրիլի» կոմիտեի համանախագահ Գրիգոր Ամիրզայանը՝ նշելով, որ ինքն արդեն իր զայրույթն արտահայտել է այդ արարքի վերաբերյալ:

 

«Մենք՝ «Ապրիլի 24» կոմիտեի անունից, որը համախմբում է Վալանսի և շրջակայքի 20 միություններ, լսել էինք այս գործի մասին, որ Ադրբեջանը պատվեր է կատարել Ֆրանսիային: 2018 թ. դեկտեմբերին «Ապրիլի 24» կոմիտեի համանախագահներով Վալանսի նահանգապետարանում հյուրընկալվել ենք նահանգապետի կողմից և նրան փոխանցել մեր և հայ համայնքի մտահոգությունները Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամական հռչակագրերի հնարավոր անվավեր ճանաչելու վերաբերյալ»,- պատմեց նա:

 

 

Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ իրենք իրենց մտահոգությունը հայտնել են նահանգապետին, նշել են, որ այդ գործն Ադրբեջանի պատվեր է: «Ասացինք, որ Ֆրանսիան, ցանկանում է Ադրբեջանին վաճառել զենքեր՝ հրթիռներ: Բաքուն էլ ճնշումներ է գործադրել Փարիզի վրա, որ անվավեր դառնան հռչակագրերը՝ փոքր-ինչ ճնշելով Ֆրանսիայի 700 000-անոց հայ  համայնքին»,- ասաց նա:

 

Ըստ Գրիգոր Ամիրզայանի՝ նահանգապետը վստահեցրել է իրենց, որ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հրթիռներ վաճառելու ծրագիր չկա: «Եվ ասաց, որ Ֆրանսիայի հայերը կարող են շարունակել կապեր ունենալ Արցախի հայության հետ, քանի որ հայ են, նույն ազգն են, և շատ մոտ են Ֆրանսիային իրենց մշակույթով: Նահանգապետը նաև ասաց, որ Ֆրանսիայի հայերը սիրված են ֆրանսիացիների կողմից, բայց Ֆրանսիայում մի օրենք կա, ըստ որի, Ֆրանսիան և ֆրանսիական քաղաքները դիվանագիտական ճանապարհով չեն կարող պաշտոնական կապեր հաստատել այն երկրների կամ ռեգիոնների հետ, որոնք պաշտոնապես չեն ընդունվել միջազգային ատյանների և Ֆրանսիայի կողմից, և Արցախն էլ այդ երկրների ցանկում է»,- ասաց նա:

 

«Արմենիա» միության ղեկավարը նշեց, որ այդուհետ իրենք սպասում էին Ֆրանսիայի կողմից նման քայլի: «Բայց մենք դժգոհ ենք, հայ համայնքը զայրացած է, մենք ինքներս շարունակում ենք նույն կապերն ունենալ Արցախի հետ: Հոկտեմբեր ամսին մենք Վալանսի քաղաքապետի՝ Նիկոլաս Դարագոնի հետ այցելել ենք Արցախ՝ Ստեփանակերտ: Նիկոլաս Դարագոնն ասել է Բակո Սահակյանին, որ Ֆրանսիան չի ցանկանում, որ իր քաղաքները պաշտոնապես կապ ունենան Արցախի հետ Ադրբեջանի ճնշումների հետևանքով: Նա նաև ասել է, որ ոչ մի բան, ոչ մի ուժ չի կարող արգելել ազգերի կամ ժողովուրդների միջև բարեկամությունը, և պետք է շարունակենք բարեկամական կապերը»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:

 

Նշենք նաև, որ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն այս առիթով հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ և որը արտահայտվում է հռչակագրերի տեքստերով: