Մեղրիի զորամասի միջադեպի գործով մեղադրյալների թիվը հասել է 21–ի

135

Մեղրիի զորամասերից մեկում մարտի 17–ին արձանագրված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում 19 պարտադիր ժամկետային զինծառայողի և 2 սպայի (մեկը զորամասի հրամանատար, մեկը՝ գումարտակի հրամանատար)։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ զորամասի հրամանատարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է շուրջ 56 անձ, այդ թվում, որպես մեղադրյալ ներգրավվածները։

Հիշեցնենք, որ մարտի 17–ին Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների տեղափոխել են Կապանի, ապա՝ Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետեւ տարել են առաջնագիծ: Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), և  ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով։ Գործը քննվում է Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում։