Ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումներ դեռեւս չենք ստացել. Տիգրան Մուկուչյան

158

Հունիսի 9-ին մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքների վիճարկման դիմումներ դեռեւս չեն ստացվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Գրանցամատյաններում արձանագրված բոլոր գրառումները քննության առարկա կդառնան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից։ Մինչեւ վաղը ունենք ժամանակ դիմումներ ընդունելու, որոնք եւս կդառնան քննության առարկա»,–նշեց նա։

Մուկուչյանը հայտնեց դիմումներ դեռ չեն ստացվել. «Մինչև Ազգային ժողով գալս, համենայն դեպս, ընտրության արդյունքների վիճարկման դիմումներ որեւէ տեղ չէին ստացվել: Սակայն մենք դեռ ժամկետ ունենք, եթե կլինեն, դրա մասին կտեղեկացնենք, եթե չլինի, կտեղեկացնենք, որ չկա»։

Դիտարկմանը, որ ահազանգ է եղել, թե երկու մարդ քվեաթերթիկները նկարել են՝ Մուկուչյանը պատասխանեց. «Պետք է նկատի ունենալ, որ ընտրական գործընթացի ժամանակ կա կարեւոր առանձնահատկություն՝ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերության մեջ են մտնում հազարավոր քաղաքացիներ: Բոլորից ակնկալել Ընտրական օրենսգրքի բարձր իմացություն եւ միատեսակ վարքագիծ, հնարավոր չէ: Եվ բնական է, որ կարող են տեղի ունենալ ինչ-ինչ խնդիրներ, իրավախախտումներ: Եվ այստեղ ընտրական հանձնաժողովների կարեւորագույն գործառույթն է, որ այդ ամենը պատշաճ արձանագրվի, եւ դրանց վերաբերյալ տրվեն պատշաճ գնահատականներ: Եթե խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված խնդրին, ապա օրենսդրորեն ամրագրված է, որ եթե տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ, անվավեր են ճանաչվում արդյունքները»։