G20-ի ֆինանսների նախարարները պայմանավորվել են միջազգային հարկային համակարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին

114

«Մեծ քսանի» ֆինանսների նախարարները պայմանավորվել են միջազգային հարկային համակարգը բարեփոխելու անհրաժեշտության շուրջ, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

G20-ի նախարարները, որոնք անցկացնում են խորհրդակցություն ճապոնական Ֆուկուոկա քաղաքում, հայտարարել են, որ խոշոր կորպորացիաները պետք է վճարեն հարկերի արդարացի չափաբաժին եւ սատարեն տեղական տնտեսությունը:

Աշխարհի խոշորագույն տնտեսությունների ֆինանսների նախարարները մտածում են հարկման նոր  համակարգի ներդրման շուրջ, որում առաջին հերթին հաշվի կառնվի բիզնեսի ծավալը երկրում, որտեղ գործում է ընկերությունը: Ընդ որում՝ հաշվի չի առնվի, թե որ երկրում է այս կամ այն կորպորացիայի գլխամասը:

«Մեծ քսանի» երկրների ներկայացուցիչները Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանն առաջադրել են խնդիր միջազգային հարկային համակարգը բարեփոխելու մասին: Այժմ խոշոր կորպորացիաները, ներառյալ՝ Facebook-ն ու Amazon-ը գրանցված են որպես ցածր հարկատուներ, օրինակ, Իռլանդիայում, եւ գրեթե չեն վճարում հարկեր, մինչդեռ նրանք ստանում են հսկայական շահույթ հարկման բարձր մակարդակ ունեցող երկրների տարածքում: