Գործատուն պե՞տք է վճարի իր աշխատակցին, եթե վերջինս վարակվում է կորոնավիրուսով

9

 

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից և մասնավորապես մարտի 16-ին՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, աշխատաշուկայում ականատես ենք քաղաքացիների աշխատանքային իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ  կորոնավիրուսի հետ կապված հիմնական վիճելի հարցերն  աշխատողների կրճատման խնդիրն է եղել.«Մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում է եղել ամենից շատ այդպիսի խնդիրները, երբ աշխատողներին ուղղակիորեն կրճատում էին։ Արդեն հասել էինք նրան, որ անցանկալի աշխատակիցներին էին ընկնում այդ հոսքի տակ։ Երբ գործատուն աշխատողի հետ ուներ մի փոքր լարված հարաբերություններ, բայց չէր կարող իրեն սովորական պայմաններում ազատել, համավարկի օրերին էր աշխատակցին ազատում էր։ Խնդիր կար նաև, որ այդ ամիսներին գործատուն չգիտեր՝ պետք է վճարի աշխատավարձ, թե ՝ ոչ, աշխատողը չգիտեր՝ ինքը գումար ստանալու է, թե՝ ոչ»։

Հարցին՝ եթե աշխատակիցը վարակվում է կորոնավիրուսով, ապա այդ դեպքում, գործատուն իրավունք ունի՞ վերջինիս չեկած 14 օրվա համար չվարձատրել կամ արձակուրդ ուղարկել նրան, իրավաբանը նշեց.«Կորոնավիրուսը պետք չէ տարանջատել այլ հիվանդություններից։ Հիվանադանալու դեպքում քաղաքացին գնում է հարկադիր կամ լրացուցիչ արձակուրդի։ Այդ ժամանակահատվածի համար աշխատակիցը բերում է բժշկից տեղեկանք, որ ինքը եղել է հիվանդ, ինչի հետևանքով ժամանակավորապես եղել է անաշխատունակ։ Աշխատանքային օիրենսգիրքը հստակորեն սահմանում է լրացուցիչ արձակուրդի այդ ժամանակահատվածը, եթե այն  չի գերազանցում 120-140 օրը, ապա աշխատակիցը չի կարող ունենալ խնդիր, չի կարող գործատուն այդ ժամանակահատվածը հանել ա՛շխատողի հիմնական արձակուրդից»։

Հարցին՝ այս օրերին այդպիսի ահազանգեր ստացել են, Նարինյանն ասաց.«Այս օրերին կա երկու խնդիր։ Երբ աշխատակիցներին պարտադրում են համավարակի ախտանիշներ ունենալու դեպքում չաշխատել և մնալ տանը, և մյուս կողմից էլ գործատուին ասում են՝ վճարեք, բայց գործատուն իրավասու է չվճարել այդպիսի դեպքերում։ Եթե աշխատանքը կատարվում է հեռավար կամ մասնակի, ապա վճարում կատարվում է։ Եթե գործատուի մեղքով է լինում, ապա վճարվում է 1/3-ը, իսկ հիմա շատ դեպքերում գործատուն մեղավոր չէ, ինքն էլ չի աշխատում, և չի կարողանում վճարել»։

Արթուր Նարինյանի խոսքով՝ շատ են եղել դեպքերը, երբ գործատուն աշխատակցին առաջարկել է պարապուրդի փոխարեն վերցնել իր արձակուրդը.«Այսինքն դիմում ներկայացնել, որ 20 օրով գնում են արձակուրդ։ Բայց որ վարակված լինի մարդը, և իրեն ստիպեն գնալ արձակուրդ, նմանատիպ զանգ չենք ստացել։ Եթե ստանանք, ապա կարձագանքենք։ Արձակուրդը աշխատողը վերցնեում է իր հայեցողությամբ, իրեն չեն կարող պարտադրել»։