Ես սա համարում եմ ցինիկ վերաբերմունք. Զոհրաբյանը՝ իմքայլականի հայտարարության մասին

22

Այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով գույքահարկի փոփոխության մասին, հայտարարեց, որ հատկապես սոցիալական լարվածության պայմաններում քաղաքացու դեմ ուղղված աննախադեպ քայլերից մեկն:

Զոհրաբյանը նշեց, որ ինքը ևս միացել է հայտնի ֆլեշմոբին, սակայն խնդիրը հնարավոր է՝ նույնիսկ իրեն չվերաբերի, քանի որ ինքն ապրում է Աբովյան փողոցում, բավականին փոքր բնակարանում. «Խրուշչյովկա է: Չեմ բացառում, որ իմ դեպքում գույքահարկը կարող է նույնիսկ իջնել»:

Զոհրաբյանը հայտարարեց, որ կենտրոնում բավականին կիրթ մտավորականների է ճանաչում, ովքեր ժառանգել են բավականին մեծ բնակարաններ ու հիմա չեն կարողանալու վճարել գույքահարկը. «Ես լսել եմ Հովիկ Աղազարյանի կոչը, որ ով չի կարողանում վճարել, թող վաճառի իր տունն ու գնա ծայրամաս ապրի: Ես սա համարում եմ ցինիկ վերաբերմունք բավականաչափ լուրջ վաստակ ունեցող մտավորականների հանդեպ, ովքեր այդ բանակարանը ժառանգել են իրենց ծնողներից, հիմա չունեն աշխատանք, ունեն գոյատևելու խնդիր ու ստիպված են լինելու բավականաչափ մեծ գումարներ վճարել»: