Պետությունը Հայաստանում աշխատատեղեր կստեղծի արտագնա աշխատանքի մեկնողների համար

22

ՀՀ կառավարությունը կապիտալ շինարարության ոլորտում 100 նոր նախագիծ պետք է
ներկայացնի՝ փորձելով քաղաքացիների համար համավարակի պայմաններում
աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, որպեսզի նրանք չմեկնեն արտերկիր:Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ,
սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել մեկնել: Հարցին, թե
գործընկերների հետ քննարկվե՞լ է հարցը, ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել
կանոնավոր ուղևորահոսքերը ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների՝ մասնավորապես՝ Ռուսաստանի
միջև՝ Փաշինյանը պատասխանեց.«Դա
կախված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում տիրող
հակահամաճարակային իրավիճակից: Բայց մեր հիմնական պլանն այն է, որ մենք
մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, ոչ թե մեկնեն Հայաստանից
դուրս»:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը 100 նոր նախագիծ պետք է
ներկայացնի կապիտալ շինարարության ոլորտում, դրանց մի մասով արդեն
մրցույթները տեղի են ունենում: Նա հույս հայտնեց, որ անհրաժեշտ
էֆեկտիվությամբ այդ գործը կիրականացվի, և արտագնա աշխատանքի մեկնող
հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել:

«Համենայնդեպս, մեր լավագույն ցանկությունն այդ է, և հույս ունեմ, որ
կկարողանանք առնվազն մեծ մասով իրականացնել այս նպատակը»,-նշեց Փաշինյանը: