Արդյոք կարո՞ղ են կորոնավիրուսից ապաքինվածները կրկնակի վարակվել

39

Հիվանդությունը հաղթահարած մարդու օրգանիզմում արդյոք ձեւավորվո՞ւմ է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ կայուն իմունիտետ: Այս հարցն այսօր հետաքրքրում է շատերին, որի հստակ պատասխանը գիտնականներն առայժմ չունեն:

Հետազոտողները հայտնաբերել են, որ այլ կորոնավիրուսները (ոչ այն վիրուսները, որոնք COVID-19 են առաջացնում) հաղթահարած մարդկանց մոտ մեկ տարվա ընթացքում ինֆեկցիան հաճախ կրկնվում է: Այդ կորոնավիրուսներով վարակված Նյու Յորքի 86 բնակիչներից 12-ի մոտ հետագայում նույն շտամի դրական արդյունք է հայտնաբերվել:

Հետազոտության մեջ դիտարկվել է կորոնավիրուսի միայն 4 շտամ, որոնք սովորաբար առաջացնում են ոչ ուժեղ մրսածության ախտանիշներ. այս շտամներով վարակվելու դեպքում մարդիկ հազվադեպ են բժշկի դիմում, նշել է Կոլումբիական համալսարանի շրջակա միջավայրի հիգիենայի ոլորտի գիտությունների պրոֆեսոր, հետազոտող Ջեֆրի Շամանը: Ուստի դժվար է ասել՝ COVID-19 առաջացնող SARS-CoV-2 նոր կորոնավիրուսն արդյո՞ք իրեն նույն կերպ կպահի, ինչպես մյուս շտամները:

Շամանը եւ նրա գործընկեր Մարթա Գալանտին ուսումնասիրել են Նյու Յորքում բնակվող 191 առողջ մեծահասակների եւ երեխաների վերաբերյալ տվյալները: 2016 թվականի աշնան եւ 2018 թվականի գարնան միջեւ հետազոտության մասնակիցները պարբերաբար հանձնել են քթից քսուք եւ հայտնել են իրենց մոտ առաջացած ցանկացած շնչառական ախտանիշի մասին:

86 պացիենտի մոտ եղել է կրկնակի կորոնավիրուսային ինֆեկցիայի դրական արդյունք: Ապացույցներ չեն եղել, որ մարդկանց մոտ երկրորդ անգամ ախտանիշները ուրիշ են եղել՝ մեղմ կամ վատթար:

«Նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրն այն է, որ այն իրեն այլ կերպ է պահում,- ասել է Շամանը: — Մոտ համեմատություն կարելի է անել SARS-CoV կորոնավիրուսի հետ՝ վիրուս, որը 2003 թվականին մի քանի երկրներում առաջացրել էր SARS-ի բռնկումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ SARS-ից ապաքինված մարդիկ դրա դեմ հակամարմինները պահպանել են միջինը 2 տարի»: Նյութի աղբյուրը` http://yn.am/?lifestyle&p=105397&l=am