Փարիզցիներին խորհուրդ են տվել Նոտր Դամի հրդեհի պատճառով ստուգել արյան մեջ կապարի պարունակությունը

173

 

Փարիզի իշխանությունները խորհուրդ են տալիս երեխաներին եւ կանանց, որոնք բնակվում են Սիթե կղզում, որտեղ գտնվում է ապրիլին այրված Նոտր Դամ տաճարը, կապարի մակարդակի բարձրացման պատճառով արյուն հանձնել ծանր մետաղի առկայությունը ստուգելու համար, նշված է առողջապահության տարածաշրջանային գործակալության (ARS) հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդագրության համաձայն՝ մի քանի շաբաթ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ կապարի հետքերը զգալիորեն կրճատվել են: Բայց քանի որ երեխայի անալիզը ցույց է տվել կապարի բարձր պարունակություն, ARS-ն հանդես է եկել նախազգուշական միջոցների մասին հիշեցմամբ:

«Գործակալությունն առաջարկում է Սիթե կղզում բնակվող 7 տարեկանից փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին եւ հղի կանանց կապարի պարունակության վերահսկման համար արյան անալիզ հանձնել»,- նշված է փաստաթղթում:

Սիթե կղզու կապարով աղտոտվածության պատճառը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհն է: Ապրիլի 17-ից չի գրանցվել օդի աղտոտվածության վտանգ, բայց բարձր ցուցանիշներ են նկատվել բնահողում եւ հարակից շենքերում: Հիմա աղտոտված տեղամասեր մարդկանց հասանելիությունը փակ է, հողը կհեռացնեն մոտ ժամանակում:

Ապրիլի վերջին իշխանություններն արդեն զգուշացրել էին տաճարի շրջանում կապարով աղտոտվածության մասին: Նշվում էր, որ կապար էր պարունակվում տաճարի կառուցվածքում եւ ծայրաձողում: Այդ ժամանակ բնակիչներին խորհուրդ էր տրվել բնակարաններում խոնավ մաքրություն կատարել՝ կապարով «փոշեկալումից» մաքրելու համար:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի պատմության մեջ ամենախոշոր հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 15-ի երեկոյան: Ավերվել էր տաճարի ծայրաձողը, կրակով էր բռնկվել կրող կառուցվածքը: Հրշեջները հայտնել էին, որ Նոտր Դամ կառույցը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները չէին վնասվել: Արտակարգ դեպքը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:

Պատահարի քննություն է վարվում՝ կապված հրդեհի ժամանակ վնասի ոչ դիտավորյալ պատճառման հետ: Դատախազի խոսքով՝ առաջնային է հրդեհի պատահական բնույթի վարկածը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Նոտր Դամը 5 տարում վերականգնելու մտադրության մասին: Տաճարի վերականգնման գործում եւ դրա համար միջոցներ հավաքելու համար իրենց օգնությունն են առաջարկել միջազգային կազմակերպություններ եւ խոշոր ընկերություններ: