Պեկինում հայտարարել են, որ հաջողվել է զսպել կորոնավիրուսի բռնկումը

46

Կորոնավիրուսի տարածումը Պեկինում հաջողվել է զսպել, բայց համաճարակաբանական իրավիճակն
այնտեղ շարունակում է լուրջ մնալ, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի
ժամանակ հայտնել է քաղաքային վարչակազմի տեղեկատվական գրասենյակի ղեկավար
Սյույ Հեցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցած օրվա ընթացքում Պեկինում վարակման նոր դեպքերի թիվը որոշ չափով
նվազել է,- նրա խոսքերը մեջբերում է «Բեյցզին Ժիբաո» թերթը:- Մենք զսպել
ենք կորոնավիրուսի տարածման միտումը, իրավիճակը զարգանում է բարենպաստ
ուղղությամբ, բայց միեւնույն ժամանակ պետք է հստակ հասկանալ, որ
համաճարակաբանական իրավիճակը շարունակում է լուրջ եւ բարդ մնալ»:

Անցած օրվա ընթացքում ՉԺՀ-ում հայտնաբերվել էր կորոնավիրուսով վարակման 18 դեպք, որից
9-ը՝ Պեկինում: Նախորդ օրը հաղորդվել էր վարակման 26 դեպքի մասին, որից
22-ը գրանցվել էր մայրաքաղաքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հունիսի
21-ի դրությամբ աշխարհում գրանցվել է վարակման 8 708 008 դեպք, մահացել է
461 715 հիվանդ: Վարակվածների մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 2 208 829
մարդ: Դրան հաջորդում են Բրազիլիան (1.032.913), Ռուսաստանը (584.680),
Հնդկաստանը (410,461), Միացյալ Թագավորությունը (303,114), Պերուն
(247.925), Իսպանիան (245.938), Իտալիան (238.275), Չիլին (236.748) եւ
Իրանը (202,584):