«Չեմ հիշում մի դեպք, երբ ինձ դրանում մեղադրել են», անկեղծանում է Սոֆի Մխեյանը. Ինչի մասին է խոսքը

37

Երգչուհի Սոֆի Մխեյանը գրեթե տասնհինգ տարի է, ինչ գտնվում է հայկական երգարվեստում ու այս տարիների ընթացքում հասցրել է ապացուցել, որ իր ուրույն տեղն ու ասելիքը ունի և դեռ շատ երկար կշարունակի ուրախացնել իր հավատարիմ հանդիսատեսին ու երկրպագուներին։

ShowBiz.am-ը սիրված երգչուհու հետ անկեղծ զրույց է ունեցել և փորձել պարզել, թե ինչպիսին է Սոֆին էկրաններից այն կողմ։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք երգչուհու թե՛ անձնական կյանքին, թե՛ կարիերային, խոսել ենք նրա ձեռքբերումներից, անկումներից ու դժվարություններից, ինչպես նաև անդրադարձել շատ կարևոր և ոչ պակաս հետաքրքիր այլ թեմաների։

— Կարիերան ձեր կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում ու հաճախ տպավորություն է ստեղծվում, որ դա է պատճառը, որ դուք մինչև այժմ ընտանիք չեք կազմել։ Արդյո՞ք դա այդպես է, ու եղե՞լ է պահ, որ փոշմանեք այդ ընտրության  համար։

— Շատ հետաքրքիր է, որ դուք ձեր հարցի մեջ օգտագործել եք մի բառակապակցություն, որից էլ ես կփորձեմ կառչել ու պատասխանել ձեր հարցին։ Խոսքս «տպավորություն է ստեղծվում» արտահայտության մասին է, որովհետև ես կարծում եմ՝ ընտանիքն ամենակարևորն է, ընտանիքն ամենաջերմ երևույթն է, որը պետք է լինի ցանկացածի կյանքում, ու ես էլ բացառություն չեմ։ Ես բազմաթիվ անգամներ խոսել և ասել եմ այդ մասին, բայց սրա հետ մեկտեղ կա նաև հակառակ կողմը։ Այսինքն՝ այնպես չէ, որ գալիս է մի ժամանակ, երբ դու հասկանում ես, որ վերջ, պահը եկել է, և դու պետք է ստեղծես այդ ընտանիքը։ Պետք է լինի այն մարդը, ում հետ դու կկարողանաս կապել կյանքդ ու ստեղծել ընտանիք։ Իմ կյանքն էլ երևի այնպես է դասավորվել, որ, կարծում եմ, դեռևս չի հասունացել այն պահը, որ ես անեմ այդ կարևոր քայլն ու ընտանիք կազմեմ։ Կարծում եմ՝ կարիերան չի կարող խոչընոտ հանդիասանալ ընտանիք ստեղծելու ճանապարհին: Այո, ես կարող եմ զբաղված լինել կարիերա ստեղծելով, այո, ես կարող եմ անդադար աշխատել, բայց մի՞թե այն մարդուն, ում ես կընտրեմ, կարող է դեմ լինել իմ աշխատանքին։ Ես վստահ կարող եմ ասել, որ ես ընտանիքի մարդ եմ։ Ես մեր ընտանիքի օրինակով հասկացել եմ, որ դա ամենակարևոր բանն է մարդու կյանքում, բայց կարծում եմ, որ ամեն բան ունի իր ժամանակը, և ամենայն հավանականությամբ՝ իմը դեռ չի եկել։

— Ձեր սիրտը զբաղվա՞ծ է, թե՝ ոչ, և ի՞նչ որակներ պիտի ունենա տղամարդը այն գրավելու համար։

— Գիտեք՝ մենք միշտ մեր մտքում ստեղծում ենք մեր իդեալին, ապա ասում, որ նա պետք է լինի այսպիսին կամ այնպիսին, բայց շատ ժամանակ պատահում է նաև այնպես, որ քո կյանքում հայտնվում է մի տղամարդ և դու ուղղակի հասկանում ես, որ նա է այն միակը։ Իհարկե, շատ հաճելի կլինի, որ նա լինի իսկական տղամարդ, լինի հումորով և հետաքրքիր, տեսակով՝ բարի և մշտապես աջակցող։ Բայց մի՞թե մենք կարող ենք գուշակել, թե մեր սիրտն ում կողջունի և ներս կթողնի։

— Ինչպիսի՞ն է կենցաղում Սոֆին, խոհանոց սիրո՞ւմ եք, թե՞ ոչ, տնային հոգսերն հոգալու ի՞նչ փիլիսոփայություն ունեք։

— Նայած՝ ինչ հարցերում․ եթե անհրաժեշտ է արագ ինչ-որ բան կազմակերպել կամ լուծել, ապա կարծում եմ՝ իդեալական։ Իսկ ինչ վերաբերվում է բուն խոհանոցին, ապա եթե ասեմ, որ ամբողջ օրը պատրաստում եմ, կստեմ, որովհետև մայրս ֆանտաստիկ համեղ է պատրաստում, և կարծես թե, այդ «բեռը» դեռևս իմ ուսերին չի ընկել։ Բայց եթե ինչ-որ բաներ պետք է, հաստատ սոված չեմ մնա։

— Նազենիի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունեք երկու կանանց միջև իսկական ընկերություն հնարավո՞ր է։ Չկա՞ մրցակցություն, չկա՞ն այլ խանգարող հանգամանքներ։

— Նազենիի հետ մեր ընկերությունն արդեն 17 տարվա պատմություն ունի։ Անկեղծ՝ մենք այնքան հարազատ մարդիկ ենք՝ տան անդամի պես, մենք ընկերության շեմն էլ ենք հատել ու մի նոր մակարդակի վրա ենք գտնվում։ Մենք իրար հետ ունեցել ենք շատ ուրախ և, ցավոք սրտի, տխուր պահեր, անցել ենք դժվարին ճանապարհ, և այն, ինչը դուք վերևում նշեցիք, արդեն շատ վաղուց մեր կյանքում տեղ չունի։ Մենք հարազատներ ենք, որոնք պատրաստ են միշտ լինել իրար կողքի և աջակցել ցանկացած հարցում։ Ես միմիայն ուրախանում եմ Նազենիի հաջողություններով և պատրաստ եմ ամեն ինչ անել, որ նրա հաջողությունները կրկնապատկվեն, և այս ամենը, վստահ եմ, փոխադարձ է։ Կարծում եմ՝ ժամանակն էլ ամենամեծ ապացույցն է, որ մեր ընկերությունն իրոք իրական է, և այնտեղ տեղ չունեն նախանձն ու մրցակցությունը։ Երջանկություն է կյանքի ընթացքում գտնել մեկին, ով ընկերոջից վերածվում է հարազատ հոգու։

— Ձեր մտերմությունը շատ հաճախ տարօրինակ խոսակցությունների, հաճախ նաև  հումորների թեմա է դառնում, ինչպե՞ս եք դրանց վերաբերվում։

— Չգիտեմ՝ գուցե դրա մասին խոսող մարդիկ, չեն ունեցել լավ ընկերություն և փորձում են մերը շահարկել։ Եթե խոսքը լավ հումորի մասին է, ապա մենք ինքներս էլ պատրաստ ենք մեծ հաճույքով ծիծաղել դրանց վրա։ Իսկ եթե այն արդեն վերածվում է գռեհկության, մեր կողմից կարող եք միայն անտարբերություն տեսնել։ Մենք չենք էլ ցանկանում այդպիսի բաները քննարկել ու դրա վրա ժամանակ ծախսել։

— Ո՞րն է եղել ձեր կյանքի անկումային պահը, ինչպե՞ս եք այն հաղթահարել։

— Անկումային պահ, երևի թե, չեմ ունեցել իմ կյանքում, դժվարություններ, իհարկե, եղել են, որոնք փորձել եմ հաղթահարել։ Բայց հիմա, որ փորձում եմ հիշել ինչ-որ կոնկերտ իրադարձություն կամ պահ, ի ուրախություն ինձ՝ չեմ կարողանում մտաբերել, ինչը շատ հաճելի է։ Սովորական մարդու պես, իհարկե, ես էլ եմ ունեցել շատ բարդություններ իմ կյանքում, որոնցից փորձել եմ պատվով դուրս գալ։ Եթե չլինեին դժվարությունները, ապա չէինք հասնի այն ամենին, ինչին ձգտում ենք։ Աստված, եթե տալիս է դժվարություններ, ապա տալիս է նաև ուժ և հնարավորություններ դրանք հաղթահարելու համար։

— Ինչ եք կարծում Հայաստանում հաջողության հասնելու ու երգչի փայլուն կարիերա ստեղծելու համար կա՞ն բոլոր պայմաններն ու հնարավորությունները։ Արդյո՞ք բավարար է միայն տաղանդ ունենալը։

— Ամեն երկիր առաջարկում է հնարավորությունների իր սահմանը։ Մերը ևս իր չափով դրանք առաջարկում է, այլ հարց է, թե դու մինչև ուր ես ձգտում հասնել, քանի որ գալիս է մի կետ, որտեղից առաջ շարժվելու հնարավորություն դու այլևս չես ունենում։ Եթե դու ուզում ես լինել հայտնի, թողարկել երգեր ու ալբոմներ, ունենալ համերգներ, ապա մեր երկիրը տալիս է այդ հնարավորությունը, սակայն դու դրանից ավելի տարածվելու, լսելի լինելու հնարավորություն այլևս չես ունենում։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է մասշտաբների հետ, մեր բնակչությունը փոքր է, ինչի արդյունքում մեր լսարանն էլ է մի քանի անգամ փոքրանում, բայց բանաձևը բոլոր տեղերում էլ նույնն է։ Իսկ ինչ վերաբերվում է տաղանդին, ապա դա ևս միանշանակ չէ, նայած թե տաղանդ ասելով՝ դու ինչ ես հասկանում, քանի որ դու կարող ես տաղանդավոր լինել քո նպատակասլացությամբ, քո աշխատասիրությամբ և շատուշատ այլ հարցերում։ Այսօր իրականում ամեն ինչ շատ ավելի է հեշտացել, դու շատ հեշտությամբ կարող ես ուրիշներին ասելիքդ տեղ հասցնել ու եթե դու ունես տաղանդ, ապա անպայման նկատելի կլինես։ Սակայն դրանից հետո հարկավոր է նաև կարողանալ ունեցածդ պահպանել ու էլ ավելի կատարելագործվել, քանի որ եթե դա չանես, մարդիկ քեզ շատ արագ կմոռանան։ Այնպես որ տաղանդ ասվածը չի վերաբերվում միայն լավ ձայն կամ տեսք ունենալուն։ Շատերը նաև կարող են կարծել, որ եթե լավ ծանոթ չունես, ուրեմն արդյունքի չես հասնի, իմ պարագայում էլ են այդպիսի խոսակցություններ եղել, ու վստահ եմ, որ շատերը մինչ այժմ էլ այդպես են մտածում կամ կարծում, բայց ես հավատացնում եմ, որ իմ ցանկությունն ու աշխատանքն է բերել այն ամենին, ինչին ես այժմ հասել եմ, քանի որ հակառակ դեպքում իմ մասին ևս շատ արագ կմոռանային։

— Այսօրվա մեր երգարվեստը Ձեզ բավարարո՞ւմ է կա՞ն բաներ, որոնք կցանկանայիք փոփոխել։

— Ցավոք, հիմա ամեն բան այնքան բարդ է, մանավանդ եթե հաշվի առնենք այս իրավիճակը, որում հայտնվել է աշխարհը, ինչի արդյունքում էլ սահմանափակվել են մեր հնարավորությունները։ Ամեն ժամանակ ունեցել է իր պահանջներն ու թելադրանքները, որոնք մի մասի համար դրական հետևանքներ են ունեցել, մի մասի համար էլ՝ բացասական։ Սակայն մենք շարունակում ենք մեր գործունեությունը՝ հաշվի առնելով նաև մեր լսարանի ցանկություններն ու պահանջները։

— Ձեզ երջանիկ համարու՞մ եք, հասե՞լ եք այն ամենին, ինչին ձգտել եք։

— Ես ինձ երջանիկ, իհարկե, համարում եմ, որովհետև, փառք Աստծո, ունեմ սիրող ընտանիք, ընկերներ և հարազատ մարդիկ, ունեմ սիրելի աշխատանք ու հավատարիմ հանդիսատես ու դրա հետ մեկտեղ չունեմ լուրջ կորուստներ։ Հույս ունեմ, որ ավելի մեծ տարիքում արդեն լիարժեք երջանիկ կլինեմ, երբ կունենամ իմ սեփական ընտանիքը, սակայն էլի եմ ասում, ինչպես Աստված կամենա։

— Հայտնիությունն իր հետ բերում է գլխապտույտ զգացողություններ ու դրա հետ ծնվող աստղային հիվանդություն․․․ ձեր կյանքում ե՞րբ է եղել այդ շրջանն ու ինչպե՞ս եք այն հաղթահարել։

— Գիտեք՝ ինձ թվում է, որ ես այդ հիվանդությամբ չեմ տառապել, քանի որ չեմ հիշում մի դեպք, երբ ինձ դրանում մեղադրել են։ Բայց դրան զուգահեռ ես ունեցել եմ հաջողություններ, ձեռքբերումներ և ճանաչում։ Իսկ թե ինչո՞ւ չեմ ունեցել այդ աստղային հիվանդությունը, հավանաբար, կողքիս եղել են մարդիկ, ովքեր ինձ միշտ սթափեցրել են, բացի այդ՝ ես իմ տեսակով շատ ինքնաբավ եմ ու միշտ փորձում եմ իրավիճակին սթափ նայել։ Իհարկե, ես շատ երջանիկ եմ, որ ինձ ճանաչում և սիրում են, բայց դրա հաշվին ես երբեք վեր-վեր չեմ թռել ու ինձ երկինք չեմ հասցրել։

— Ամենօրյա վազքի մեջ հաճախ չենք հասցնում անել այն, ինչն իրոք կարևոր ու արժեքավոր է մեզ համար, եթե մի պահ կանգ առնեիք, ի՞նչը կփոխեիք ձեր կյանքում կամ ի՞նչ նորություններ կբերեիք ձեր կյանք։

— Այս ժամանակահատվածում աշխարհում եղավ մի մեծ կանգառ ու հենց այդ սթափեցնող կանգառն էր, որ յուրաքաչյուրիս ստիպեց նստել, խորհել ու հասկանալ, որ կյանքը շատ կարճ է և որ ամենահասարակ բանը, որը դու կարող էիր քեզ թույլ տալ, այսօր արդեն չի կարելի։ Մենք անընդհատ շտապում ենք, ձգտում ենք ամեն տեղ լինել, ամեն ինչում մեզ փորձել, բայց արի ու տես, որ աշխարհը կանգ առավ և ստիպեց, որ մենք էլ դադար առնենք ու վերագնահատենք այն ինչն ունենք և որը կարող ենք շատ հեշտությամբ կորցնել։ Իսկ մարդու երջանկությունը մանրուքների մեջ է, որը մենք արդեն սկսել ենք արժևորել ու գնահատել։