5 ըմպելիք, որոնք բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը

65

Շատերին է հայտնի, որ անառողջ սննդակարգը խիստ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կարող է զգալիորեն բարձրացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի շատ հաճախ մարդիկ փորձում են խուսափել անառողջ մթերքից՝ օգտագործելով բազառապես օգտակար մթերք: Սակայն միևնույն ժամանակ մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում օրվա ընթացքում օգտագործվող ըմպելիքներին, մինչդեռ դրանք նույնպես կարող են շատ վնասակար լինել:

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը՝ հղում անելով Health and Human ամսագրին, մասնագետները նախազգուշացնում են, որ կան ըմպելիքներ, որոնք կարող են դառնալ քաղցկեղի զարգացման պատճառ, մինչդեռ մարդիկ շարունակում են օգտագործել դրանք գրեթե ամեն օր:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղածին ազդեցությամբ օժտված հինգ ըմպելիք, որոնցից հարկավոր է խուսափել կամ փոխարինել որևէ այլընտրանքային տարբերակով:

Ծորակից հոսող ջուր

Ջուրը մաքրելու և ախտահանելու համար հաճախ կիրառվում է քլոր, որը բավական վնասակար է օրգանիզմի համար, սակայն այս տարրն այնքան վնասակար չէ, քան այն քիմիական նյութերը, որոնք հայտնաբերվում են ծորակից հոսող ջրի նմուշներում: Նման ջուրը կարող է պարունակել դիբութիլֆտալատ, որը շատ ավելի տոքսիկ է, քան քլորը: Այս տարրն օրգանիզմի վրա քաղցկեղածին ազդեցություն է ունենում և կարող է դառնալ օնկոլոգիական տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ:

Շշալցված ջուր

Որքան էլ զարմանալի է, սակայն պլաստիկ շշերում պարունակվող ջուրը նույնպես կարող է վտանգավոր լինել: Այն պարունակում է բիսֆենոլ-A, որը ջրի մեջ է հայտնվում պլաստիկ շշից: Այն կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ և բարձրացնել քաղցկեղի այնպիսի տարածված տեսակների զարգացման հավանականությունը, ինչպիսին են շագանակագեղձի քաղցկեղն ու կրծքագեղձի քաղցկեղը:

Էներգետիկ ըմպելիքներ

Այս ըմպելիքի հիմնական բաղադրիչներն են շաքարը, կոֆեինն ու արհեստական գունանյութերը: Նման վնասակար բաղադրության հետևանքով էներգետիկ ըմպելիքները միաժամանակ բարձրացնում են զարկերակային ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը թուլացնում է օրգանիզմն ու դարձնում մարդուն ավելի խոցելի օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ:

Հյութեր

Հյութերը համարվում են օգտակար ըմպելիքներ, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց հաճախակի գործածությունը կապված է ուղիղ աղիքի քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ: Գիտնականները ենթադրում են, որ նման ազդեցությունը պայմանավորված է ըմպելիքներում պարունակվող մեծ քանակությամբ շաքարով, որը համարվում է քաղցկեղի բջիջների «սիրելի սնունդը»:

Սպորտային ըմպելիքներ

Այս ըմպելիքներն անմիջականորեն կապված չեն քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ, սակայն դրանք կարող են հիմք հանդիսանալ այդ հավանականության բարձրացման համար: Բանն այն է, որ այդ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ շաքար ու ածխաջրեր, ուստի չեն կարող համարվել օգտակար ըմպելիք: Սա է պատճառը, որ սննդաբանները հորդորում են խուսափել այս ըմպելիքներից, եթե օրվա ընթացքում ստացած կալորիաներն ամբողջությամբ չեն այրվելու մարզասրահում: