Ինչու եք վատնում բյուջեի միջոցները. Հրանտ Բագրատյան

39

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր մամուլից տեղեկացա, որ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին 0.55 մլն դոլար է հատկացվել համավարակի դեմ պայքարի նպատակներով հայկական թեստեր ստեղծելու և ապա նաև օրական 1000-2000 դրանցից արտադրելու համար (ընդամենը մինչև 100000 հատ)։

Իաստիտուտի տնօրենն էլ ասել է, որ ռեագենտներ են ստացել և պատրաստել փորձնական 300 թեստ։ Եվս մեկ փաստ խայտառակ մենեջմենթի մասով։ Բացարձակապես կապ չունի ես վարակաբան եմ, թե՝ ոչ։ Ինտերնետում հեշտությամբ գտնում ենք, թե ի՞նչ բան է համավարակի թեստը և ինչպես պետք է այն արտադրել։ Սույնից պարզ է դառնում, որ դա այնպիսի արտադրություն է, ուր վճռորոշ նշանակություն ունի մասշտաբի էֆեկտը։

Այստեղից բխում է, որ հայկական թեստերը լավագույն դեպքում 3-4 անգամ թանկ են լինելու չինականից, գերմանականից, ֆրանսիականից կամ ռուսականից։ Ուրեմն այդ 0.55 մլն դոլարով կարելի էր ներմուծել 250000-300000 թեստ։ Հարց է ծագում. ի՞նչու եք վատնում բյուջեի միջոցները։ Թե պետք է հերթական անգամ աշխատանքի պատրանք ստեղծել»: