Կորոնավիրուսի ախտանիշներ. Սովորաբար ինչպե՞ս է արտահայտվում COVID-19-ի թեթեւ եւ ծանր ձեւը

136

Կորոնավիրուսով վարակված մարդկանցից ամենեւին ոչ բոլորն են բախվում միեւնույն ախտանիշներին: Ոմանց մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում, եւ ախտանիշներ գործնականում չեն դրսեւորվում, մյուսների մոտ բավականին արագ բարդություններ են զարգանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի թեթեւ ընթացքի դեպքում առավել հաճախ լինում են հետեւյալ ախտանիշները.
հարբուխ
կոկորդի ցավ
հազ
մարմնի բարձր ջերմություն:
Հաճախ այս ախտանիշներն ինքնաբերաբար վերանում են, եւ պացիենտը բուժման կարիք չի ունենում:

Սակայն որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ավելի ծանր ձեւով եւ թոքաբորբ կամ շնչառական անբավարարություն առաջացնել: Այս դեպքում գլխավոր ախտանիշներն են.

հազ (սովորաբար չոր)
մարմնի բարձր ջերմություն
շնչելու դժվարություններ, օդի անբավարարություն:
Խորհուրդ է տրվում այս ախտանիշների դեպքում բժշկի դիմել: Եթե վերջին շաբաթների ընթացքում երկիր եք այցելել, որտեղ կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, այդ մասին անպայման հայտնեք բժշկին: