Ո՞ր մեթոդներն են իսկապես արդյունավետ կորոնավիրուսից պաշտպանվելու համար, եւ կարո՞ղ է արդյոք օգնել խունկը

49

Այսօր կարելի է բազմաթիվ խորհուրդներ լսել կորոնավիրուսից պաշտպանվելու մեթոդների մասին: Հայաստանում առաջին դեպքը հայտնաբերելուց հետո նման խորհուրդներն էլ ավելի շատ են դարձել` բժշկական դիմակներ անընդհատ կրելուց մինչեւ սխտորի եւ խունկի օգտագործումը: Հիմնական խնդիրն այն է, որ իրականում այդ մեթոդներից ոչ բոլորն են արդյունավետ:

Եկեք տեսնենք` կորոնավիրուսից պաշտպանվելու որ մեթոդներն են իսկապես արդյունավետ եւ գիտական հիմնավորում ունեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսից պաշտպանության հետեւյալ գործողություններն է խորհուրդ տալիս.

Հաճախ լվացեք ձեր ձեռքերը

Ձեռքերի հիգիենան շատ կարեւոր է, քանի որ շատ հաճախ կորոնավիրուսի նման վիրուսները փոխանցվում են ձեռքերի միջոցով, եթե դրանցով դիպչում ենք դեմքին: Ձեռքերը պետք է պարբերաբար լվանալ հոսող ջրի տակ օճառով կամ հատուկ գելեր օգտագործել, որոնք ալկոհոլ են պարունակում:

Դիստանցիա պահպանեք

Անհրաժեշտ է առնվազն 1 մետր դիստանցիա պահպանել այն մարդուց, ով փռշտում եւ հազում է: Կորոնավիրուսը տարածվում է փոքր կաթիլներով, որոնք արտադրվում են հիվանդի քթից եւ բերանից, երբ նա հազում կամ փռշտում է: Եթե այդ կաթիլները մտնում են մեկ այլ մարդու օրգանիզմ, նա կարող է վարակվել

7STOPPED
Չկպնել աչքերին, քթին եւ բերանին

Ձեռքերը շատ մակերեսների են դիպչում, ուստի դրանց վրա կարելի է բազմաթիվ վիրուսներ գտնել: Կեղտոտ ձեռքերով դիպչելով աչքերին, քթին, բերանին` մենք հեշտացնում ենք այս բոլոր վիրուսների ներթափանցումը մեր օրգանիզմ:

Մի մոռացեք շնչառական հիգիենայի կարևորության մասին

Եթե փռշտում եք կամ հազում եք, փակեք ձեր քիթը եւ բերանը թեքած արմունկով (ոչ թե ձեռքի ափով) կամ անձեռոցիկ օգտագործեք:

Ախտանիշների դեպքում դիմեք բժշկի

Եթե ջերմություն, հազ, շնչառական դժվարություններ ունեք, խորհրդակցեք բժշկի հետ. մի ակնկալեք, որ ամեն ինչ ինքնաբերաբար կանցնի:

Այլ խորհուրդներ

Շատ երկրներում անիմաստ է բժշկական դիմակներ կրել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, հատկապես` փողոցում: Սովորական դիմակներն անհրաժեշտ պաշտպանություն չեն ապահովում, բացի այդ, դրանք պետք է հաճախ փոխել, ինչը շատերը չեն անում:

Ինչ վերաբերում է սխտորին եւ խունկին, որոնք շատերն օգտագործում են որպես հակավիրուսային նյութեր, դրանց արդյունավետության մասին որեւէ ապացույց չկա. սխտորը, իհարկե, շատ օգտակար հատկություններ ունի, սակայն որեւէ հիմք չկա համարելու, որ այն, ցանկացած ձեւով, կարող է պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից: Իսկ խունկը, ի հեճուկս ժողովրդական համոզմունքի, օդը չի ախտահանում, այլ, հակառակը, աղտոտում է այն` ավելացնելով շնչառական համակարգի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը: